ՍԱՆԱՀԻՆ

ՍԱՆԱՀԻՆ

2013-10-03T11:27:38+00:00 27/06/2012|Լոռի Հուշարձաններ|

ՍԱՆԱՀԻՆ
Լոռու մարզ
ք. Ալավերդի
պետ. ցուցիչ N 5.2.33

Համալիրը հիմնվել է 966 թ., հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի աջակցությամբ: Դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնն ու տոհմական դամաբարանը, ինչպես նաև թագավորության հոգևոր առաջնորդանիստը: Եղել է միջնադարյան հոգևոր ու գիտակրթական խոշոր կենտրոն:
Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո («սա քան զնա հին» իմաստով):
Վանքը հայ միջնադարյան ճարտարապետության աչքի ընկնող կառույցներից է և նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում:
Համալիրը բաղկացած է 10-12-րդ դարերում վերակառուցված պաշտամունքային և քաղաքացիական շինություններից՝ երեք եկեղեցիներից, գրատուն-մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, դամբարաններից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից: Հուշարձանախմբից դուրս գտնվում են վանքի աղբյուրը, մատուռներ, խաչքարեր և գեղաքանդակ խաչքարերով մի շարք փոքր եկեղեցիներ, որոնք սփռված են թաղամասի տարածքում ու նրանից դուրս, ինչպես նաև` Սանահինի հանրահայտ կամուրջը:

Սուրբ Աստվածածին եկեղեցին համալիրի հնագույն կառույցն է: Եկեղեցու կառուցումից հետո Սանահինը դարձել է Լոռու հոգևոր դասի լուսավորչական, գիտակրթական կենտրոն, ունեցել է իր ճեմարանն ու մատենադարանը, այնուհետև` համալսարան և ակադեմիա:
Սրբավայրի գավիթների սրահների ներսում, սալահատակի ձևով բաշխված են հոգևոր առաջնորդների հուշ-տապանաքարեր:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին առանձնանում է իր խոշոր չափերով և համալիրում ունեցած իշխող դիրքով: ՈՒնի երկայնական ձգված խաչաձև գմբեթավոր նույն հորինվածքը, ինչ որ` Սուրբ Աստվածածինը:

Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է համալիրի արևելյան սահմանագծում (Սուրբ Աստվածածին եկեղեցուց 12 մ արևելք), դրսից կլոր է, ներսից` քառախորան խաչաձև հատակագծով, տեղակայված եռաստիճան որմնախարսխների վրա:

Գրատուն-մատենադարանում պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև` վանքի արժեքավոր իրեր, նշխարներ, մասունքներ: Հայկական գրատների մեջ հնագույնն է, իսկ հատակագծային չափերով՝ ամենամեծը:
Գրատուն-մատենադարանը գտնվում է Սուրբ Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում: Քառակուսի հատակագծով մի շինություն է, կառուցման ոճով նման է ժամատան: Սուրբ Գրիգոր եկեղեցին և գրատունը հիմնական խմբի հետ կապվում են գրատան սրահի միջոցով:
Հոգևոր դպրոցը: Ավանդաբար կոչվում է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ճեմարան:
Գտնվում է Ամենափրկիչ և Աստվածածին եկեղեցիների միջև, նրա երկարավուն սրահը ծառայել է որպես վանքի հոգևոր-բարձրագույն դպրոց: Հատակը ծածկված է տապանաքարերով: Արևելյան մասում գտնվում են երեք խաչքարեր:

Գավիթ: Կից է Ամենափրկիչ եկեղեցուն արևմտյան կողմից: Քառակուսի դահլիճ է` չորս սյուների վրա հենվող կենտրոնակազմ հորինվածքով: Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է:
Վերակառուցվել է ավելի վաղ շրջանում կառուցած գավթի տեղում:

Նախագավիթն արևելքից հարակից է Սուրբ Աստվածածին եկեղեցուն ու ճեմարանի սրահին, հարավից` գավթին, իսկ հյուսիսից` կիսով չափ զանգակատանը:

Զանգակատունը գտնվում է նախագավթի հյուսիսարևմտյան հատվածում:
Քառակուսի հատակագծով երեք հարկաբաժնից բաղկացած շինություն է՝ պսակված վեց սյուների փնջերի վրա հենվող նրբակերտ զանգաշտարակով: Ներքուստ ունի քարե աստիճաններ: Թաղածածկ առաջին հարկաբաժինը (որին հենվում են աստիճանները) միջնապատով բաժանված է երկու մասի, որոնք հաղորդակցվում են ընդհանուր բացվածքով: Երկրորդ հարկաբաժնի արևելյան կողմում են գտնվում 3 ավանդատուն՝ փոքր-ինչ պայտաձև խորաններով:
Վանքի միջուկը կազմող հուշարձաններից բացի` պարսպով շրջափակված տարածքում ու նրանից դուրս, պահպանվել են Արղության-Երկայնաբազուկների և Զաքարյան իշխանների դամբարանները, վանքի աղբյուրը, նրբահյուս զարդաքանդակներով մեծ թվով խաչքարեր, Սուրբ Հակոբ, Սուրբ Հարություն ու Սուրբ Կարապետ եկեղեցիներն ու Սուրբ Սարգիս մատուռը:

Զաքարյանների դամբարանը գտնվում է վանքից հարավարևելք, գերեզմանոցի տարածքում:
Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է գերեզմանոցի տարածքում (Զաքարյանների դամբարանից փոքր-ինչ արևելք): Հայաստանի այն սակավաթիվ հուշարձաններից է, որոնք արևելյան թևում ունեն զույգ խորաններ:

Գրիգոր Տուտեորդու հուշակոթողը երկաստիճան բարձր պատվանդանով խաչքար է` 4.85 մ ընդհանուր բարձրությամբ ( բուն խաչքարի բարձրությունը` 2.3 մ):

Սանահինի աղբյուրը գտնվում է վանքի պարսպից դուրս: Լայնակի ձգված ուղղանկյուն սրահ է` ճակատային երկկամար բացվածքով, կողքերից եզերված խուլ պատերով: Խորությամբ ծածկված է զույգ կիսագլանաձև թաղերով, որոնք եզրերում հենվում են լայնական պատերի, իսկ միջին մասում` ավելի ցածր կամարի վրա:

Սանահինի կամուրջը կառուցված է Ալավերդի-Սանահին հին ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա: Լոռու մի քանի տասնյակ կամուրջ-հուշարձանների մեջ ամենամեծ միաթռիչք կամար ունեցող կամուրջն է (18.6 մ):

Համալիրը 2001 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների գրանցամատյանում»:

Հիմնական գրականությունը.

Հարությունյան Ի., Սանահին, ԱՀ, գիրք 3, 1898:

Ղաֆադարյան Կ., Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Եր., 1957:

Հարությունյան Վ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Եր., 1960:

Халпахчьян О. Х., Санаин, М., 1973.

Ghalpakhtchian O., Alpago Novello A., Sanahin, Milano, 1973 (Document di architettura armena, 3).