ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ

ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ

2013-08-06T15:11:54+00:00 06/08/2013|Լոռի Հուշարձաններ|

ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ
Լոռու մարզ
գ. Դսեղ
պետ. ցուցիչ` 5.35.40

 

Քառասնից Մանկանց վանքը գտնվում է Դսեղ համայնքի հյուսիսարևմտյան մասում, Դեբեդի կիրճի ստորին հարթակի վրա, «Տախտեր» կոչվող հին բնակավայրի տարածքում:

Սրբավայր կարելի է այցելել միայն ոտքով` Դսեղից դեպի Դեբեդի կիրճ տանող քարքարոտ ճանապարհով կամ Ձորագետ համայնքից` բարձրանալով դեպի Դսեղ:

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություններից, գերեզմանոցից և խաչքարերից: Մեզ է հասել կիսավեր վիճակում: XIII դ. կառույց է:

Վանքը կոչվել է Քառասուն Մանկանց անունով` ի հիշատակ այն 40 հայ պատանիների, ովքեր հավատափոխ չլինելու համար ենթարկվել են դաժան խոշտանգումների, և որոնց մասունքները այրելով թափել են գետը: Քառասուն Մանուկներն Արևելքի ամենապաշտվող Սրբերից են:

Քառասուն Մանուկների նահատակությունից որոշ ժամանակ անց, Քրիստոսի հավատքին հավատարիմ մնացած հալածյալների մի խումբ` Կեսարիայից, Տարոնից և այլ վայրերից, տեղափոխվում է Դսեղգյուղից դեպի Դեբեդի կիրճ տանող՝ «Տախտեր» կոչվող նախկին բնակավայր և, ի հիշատակ քառասուն նահատակների, կառուցում Քառասնից Մանկանց վանքը:

Հուշարձանը կառուցված է ֆելզիտե վարդագույն նրբերանգ սրբատաշ քարերով: Որմնամույթերը բազալտից են: Հարավային և արևելյան կողմերում կան ուշագրավ քանդակներով խաչքարեր: Պատերը հարուստ են արձանագրությունններով, խաչանախշերով ու վիմագրերով:

Հիմնական կառույցը ուղղանկյուն հատակագծով (11,0 X 8,0 մ) եկեղեցին է, որի գմբեթը չի պահպանվել, պատերը (հատկապես հարավայինը), թաղերն ու գմբեթակիր կամարները խարխլված ու կիսաքանդ վիճակում են: Հորինվածքով գմբեթավոր դահլիճ տիպի է, որտեղ դասական հորինվածքի արևելյան որմնամույթերը համատեղված են խորանի եզրային մասերին և նրա երկու կողմերին կից ավանդատների ճակատային պատերին: Ավանդատները կրկնահարկ են՝ երկայնական շեշտված ձգվածությամբ, և արևելյան կողմում ավարտվում են կիսաշրջանաձև խորշերով:

Ժամատան հետքերը մեզ չեն հասել, սակայն արևմտյան պատի մի արձանագրությունից (որի թվականը չի պահպանվել) որոշարկվում են նրա երբեմնի գոյությունը և նույնիսկ կառուցողը. «Ողորմութեամբն Աստծոյ ես Խաչատուր ծառայ Աստծոյ շինեցի զժամատունս և սալեցի զեկեղեցիս…»:

Տարածքում թափված են մեծ թվով համարակալված քարեր (ըստ երևույթին նախապատրաստել են վերակառուցման, սակայն այդպես էլ չեն սկսել), ձևավոր և քանդակազարդ մանրամասեր:

Ըստ վիմագրական տեղեկությունների` վանքի շինությունները քանիցս նորոգվել են XIII դ. վերջերին և հետագա դարերում:
Համալիրում մաքրման և տարածքի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև 2004թ.` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հովանավորությամբ, ՊՄՊ Լոռու մարզային ծառայության կողմից իրականացված «Նպաստ` աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում:

Հիմնական գրականություն

Շախկյան Գ., Լոռի, պատմության քարակերտ էջեր, Երևան, 1986:

ՀՀ Հանրագիտարան, հ. 4, Երևան, 2003: