ՏՈՐՄԱԿ (ՏՈՐՄԱԿԱԴՈՒՌ) ԵԿԵՂԵՑԻ

ՏՈՐՄԱԿ (ՏՈՐՄԱԿԱԴՈՒՌ) ԵԿԵՂԵՑԻ

2013-12-20T10:56:03+00:00 13/12/2013|Լոռի Հուշարձաններ|

ՏՈՐՄԱԿ (ՏՈՐՄԱԿԱԴՈՒՌ) ԵԿԵՂԵՑԻ
Լոռու մարզ
գ. Գյուլագարակ
պետ. ցուցիչ` 5. 29. 6. 2

 

Տորմակ եկեղեցին (V-VI դդ.) գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ երկու կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված` արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է: Միայն Ստեփանավան քաղաքի մերձակայքում, միմյանցից ոչ մեծ հեռավորությամբ, գտնվում են նման կառուցվածքով մի քանի եկեղեցիներ (Հոբարձի և Սվերդլով գյուղերի Ս. Գևորգ, Գտեվանք, Վարդաբլուրի Ջգրաշեն, Կուրթան), որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցական ճարտարապետության զարգացման պատմության ուսումնասիրության առումով` որպես անցումային օղակ IV-V դդ. ճարտարապետական վաղ ձևերից VII դ. դասական ձևին:
Տորմակ եկեղեցին կիսավեր է: Քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, ավագ խորանը, թափված է երեսպատման քարերի մեծ մասը: Բուտոբետոնե շարվածքը երեսպատված է բազալտի միջին խոշորության սրբատաշ քարերով: Աղոթասրահը ուղղանկյուն հատակագծով, արևելյան խորանով սրահ է` զույգ որմնամույթերով բաժանված երեք մասերի, որին հարավից կից է քառակուսի հատակագծով, արևելյան արտաքին խորանով ավանդատունը: Արտաքին խորանը քանդված է, պահպանվել են ավանդատան խաչվող թաղածածկի հետքեր: Աղոթասրահը երեք կողմից շրջապատված է եղել արտաքին սրահով: Աղոթասրահը և արտաքին սրահը, ըստ շինարարական տեխնիկայի և գործածված շինանյութի, համաժամանակյա կառույցներ են: Արտաքին սրահից պահպանվել է արևմտյան պատը գրեթե ամբողջությամբ, իսկ հարավային և հյուսիսային կողմերում` մոտ երկու-երեք մետր հատվածներ: Սրահը արևմտյան կողմում ուներ կամարակապ մեծ բացվածքով մուտք, որից միայն հետքեր են մնացել: Արտաքին սրահի արևմտյան և հարավային կողմերում, հատակին կան տապանաքարեր: Եկեղեցու արտաքին հարդարանքից պահպանվել են դռան, լուսամուտի կամարակապ պարակալի առանձին մանրամասեր, արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մաս` զարդարված խորադիր, պայտաձև կամարիկներով:

Հիմնական գրականություն

Հասրաթյան Մ., Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., 1974, № 3:

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Եր., 1986: