ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2018-03-29T16:00:42+00:00 19/05/2016|Վայոց Ձոր|

«Արփի» բնապատմական արգելոցի նախաձեռնությամբ՝ Թանգարանների միջազգային օրն աննկատ չի անցել նաև Վայոց Ձորի մարզի Արենիի միջնկարգ դպրոցի աշակերտների համար: Պատանիները նախ միամյանց շնորհավորել են օրվա առթիվ, ապա՝ ուղևորվել Նորավանք:

Արգելոցի տարածքում՝ Թռչուններիի քարանձավի հարևանությամբ գտնվող բացատում, նույն դպրոցի պատմության ուսուցիչ Ռուբեն Գասպարյանն անցկացրել է բաց դաս` նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին: Այնուհետև պատանիներին ողջունել են ՊՄՊ մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը, դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը, ուսուցիչներ: Մելանյա Դովլաթյանն իր խոսքում Արեննի դպրոցի աշակերտներին շնորհակալություն է հայտնել հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար և ընդգծել. «Շատ կուզենայի, որ Վայոց Ձորի մարզի մյուս դպրոցների աշակերտները ևս այնքան ուշադիր լինեին հուշարձանների նկատմամբ, ակտիվ դրանց ծանոթանալու ու պահպանելու գործում, որքան այս դպրոցինը»: Կրթօջախի ուսուցիչներից մեկն էլ խոսել է ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության կարևոր նախաձեռնության՝ դպրոցներում և հուշարձանների տարածքներում անցկացվող բաց դասերի ու էքսկուրսիաների մասին: Ըստ նրա՝ դրանք ավելի բովանդակային ու հետաքրքիր են դարձնում դպրոցականների առօրյան, հարստացնում նրանց գիտելիքները: Նա հույս է հայտնել, որ մարզային ծառայության հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Այնուհետև կազմակերպվել է էքսկուրսիա ՝ դեպի Նորավանքի ձոր և Թռչունների քարանձավ, որտեղ կայացած «Լանդշաֆտները որպես մշակութային արժեքներ» թեմայով զրույցի ընթացքում անդրադարձել են Վայոց Ձորի մարզի լանդշաֆտներին և ընդգծել Նորավանքի ձորի լանդշաֆտի ինքնատիպությունը, անդրադարձել տեղանքի պատմական անցուդարձերին:

Թանգարանների միջազգային օրը «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել նաև Վերնաշենի և Եղեգնաձորի երեխաների համար: Վերնաշենի դպրոցի աշակերտների համար «Գլաձորի համալսարանում» անցկացվել է «Թանգարանը և մշակութային լանդշաֆտները» թեմայով բաց դաս, որի ընթացքում արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Վայոց Ձորի բարձրադիր բլուրներին, ուր տեղակայված է համալսարանը, որտեղից էլ հայկական բնաշխարհի հրաշալի տեսարան է բացվում:

Արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը իրենց մասնակցությունն են բերել նաև Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները : Փոքրիկները «Մենք ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում» թեմայով կավճանկարներ են արել: Միջոցառմանը ներկա են եղել Վերնաշենի համայնքապետարանի աշխատակիցներ և գյուղի բնակիչներ :

Իսկ մայիսի 21-ին՝ Թանգարանային գիշերը, Մոմիկի թանգարանում կանցկացվի «Մոմիկ ճարտարապետ-քանդակագործը հայոց մշակութային պատմության մեջ» թեմայով գիտաճանաչողական զրույց: