«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի պետի հրավերով, հյուրընկալվել է իրավապահներին ու նրանց ծանոթացրել մարզի առավել հայտնի հուշարձաններին, որոնք կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին և նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը։
«Վայոց ձորի տուրիզմի կարևոր հուշարձանները» թեմայով զեկույցում Բարիս Քոչարյանն անդրադարձել է Նորավանքի, Թանահատի, Գնդեվանքի, Ցախաց քարի և Սպիտակավորի վանական համալիրներին, Սելիմի քարավանատանը, Սմբատաբերդին, Դադալի կամրջին, Արենիի Սուրբ Աստվածածին, Վերնաշենի Սուրբ Խաչ եկեղեցիներին։ Նա խոսել է միջնադարյան հուշարձանների պատմամշակութային նշանակության, ճարտարապետական գրավչության մասին՝ նշելով, որ դրանք մարզի զբոսաշրջության զարգացման հրաշալի հնարավորություն են։
Զեկույցն ուղեկցվել է հուշարձանների լուսանկարների ցուցադրությամբ: Ավարտին ունկնդիրներն այդ հուշարձաններին և զբոսաշրջիկների այցելություններին վերաբերող հարցեր են տվել և հետաքրքրվել, թե այցելուները հատկապես որ երկրներից են լինում։ Նրանք ցանկություն են հայտնել հաճախ կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ, ավելին՝ մարզի տարբեր հուշարձանների տարածքներում իրականացնել էքսկուրսիաներ։
Առաջիկա օրերին իրավապահները կայցելեն «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան։