ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ՊՈԱԿ-Ի Եւ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵւ

ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ՊՈԱԿ-Ի Եւ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵւ

2018-03-29T16:00:45+00:00 23/07/2012|Վայոց Ձոր|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հուլիսի 20-ին Վայոց Ձորի մարզում էր։ Մինչ մարզային կառույցների անցած վեց ամիսների աշխատանքային հաշվետվությունները լսելը ՊՈԱԿ-ի ղեկավարությանը հյուրընկալեց Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանը։
ՊՈԱԿ-ի եւ մարզպետարանի միջեւ եղած գործակցությունն առավել արմապնդելու եւ սերտացնելու պատրաստակամությամբ էլ քննարկվեցին հուշարձանների ոլորտում առկա մի շարք խնդիրներ։
ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի խոսքով, միայն Վայոց Ձորի մարզում 1380 հուշարձան կա, որոնց պահպանությունն իրականացնում է Պատմական Միջավայրի Պահպանության /ՊՄՊ/ Վայոց Ձորի մարզային ծառայությունը։ Մարզը հարուստ է հուշարձաններով եւ հաճախ կարելի է հանդիպել անպատասխանատու կամ անփույթ վերաբերմունք պատմամշակութային արժեքների նկատմամբ։ Որպես ապացույց Վլ.Պողոսյանը նշեց , որ «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում գործում է թոնրատուն, երբեմն էլ՝ առանց համապատասխան թույլտվության քաղաքացիները փորձում են մուտք գործել քարանձավներ։
Մարզպետին ներկայացվեց, որ օրինախախտման վերացման համար ՊՈԱԿ-ը դիմել է պատկան մարմիններին, իսկ «Մոզրով»-ի քարանձավի մուտքի մոտ ստեղծված վթարավտանգ իրավիճակի պատճառով ժամանակավորապես փակվել է այդ հատվածը։

Մարզպետ Է.Ղազարյանն իր հերթին շեշտեց Վայոց Ձորի մարզի հարուստ պատմամշակութային ժառանգության փաստը՝ հավելելով, որ զբոսաշրջության տեսանկյունից դրա գրավչության ապահովումը կարեւոր խնդիր է։ Նա հետաքրքրվեց նաեւ հուշարձանների նորոգման, բարեկարգման ծրագրերով։ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ.Պողոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ բանակ-կրթություն-մշակույթ ծրագրի շրջանակում ձեռնարկները բավականին շատ են։ Մարպետը ցանկություն հայտնեց առաջիկա նմանօրինակ միջոցառմանն անձամբ մասնակցել։
ՊՈԱԿ-ի տնօրենի եւ մարզպետի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում եւս հանդիպել՝ նախանշելու եւ որոշակի կոնկրետ ծրագրեր կյանքի կոչելու ակնկալիքով։