ԵՐՎԱՆԴԱՇԱՏ

ԵՐՎԱՆԴԱՇԱՏ

2013-10-01T17:00:04+00:00 31/08/2012|Արմավիրի Հուշարձաններ|

ԵՐՎԱՆԴԱՇԱՏ

Արմավիրի մարզ
գ. Երվանդաշատ
պետ. ցուցիչ` 3.41.1

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից աջ, Երվանդ Դ թագավորը մ.թ.ա. III դ. վերջին հիմնադրել է նաև Երվանդակերտ արքունական դաստակերտը, որն իր անառիկությամբ և շքեղ հորինվածքով եզակի կառույց էր:Մինչև IV դ. կեսերը Երվանդաշատը հին Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր: Ուներ 50 հազար բնակիչ, զարգացած առևտուր և մշակույթ:

Ըստ Փավստոս Բուզանդի, Երվանդաշատի համար ճակատագրական դարձան IV դ. պարսկական արշավանքները: Պարսից Շապուհ արքայի զորքերը 360-ական թվականներին կործանեցին Երվանդաշատը: Բնակչության մեծ մասը գերեվարվեց, և երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը վերածվեց ավատական բերդաքաղաքի:

Հիմնական գրականությունը.

Մ. Հովհաննեսյան, Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970:
Բ. Առաքելյան, Որտե՞ղ են գտնվել Երվանդաշատ և Երվանդակերտ քաղաքները, ՊԲՀ, 1965, №3: