ԱՂՋՈՑ ՎԱՆՔ (Աղջոց Ս. Ստեփանոս վանք)
Արարատի մարզ
պետ. ցուցիչ` 3.99.1.1
Աղջոց վանք համալիրը գտնվում է Գեղարդից 7 կմ հվ-արլ, լեռան լանջին: Ըստ ավանդության` հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին` որպես կուսանաց վանք: Ներկայիս վանքը կառուցվել է XIII դ.: Եղել է կրոնական և մշակութային կենտրոն: Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից:
Ս. Ստեփանոս եկեղեցի -գլխավոր եկեղեցին է` կառուցված 1212-1217 թթ.: Ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ:
Գավիթ-կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից: Կառուցվել է 1217-1234 թթ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը:
Ս.Պողոս-Պետրոսեկեղեցի -համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է: Կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսային կողմից: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 1270 թ. եղծված շինարարական արձանագրությունը: Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցին ուշագրավ է արևմտյան մուտքի երկու կողմերում արված`Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են:
Վանական համալիրի շրջակայքում խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցն է:
Վանքը կործանվել է 1679 թ. երկրաշարժից: Նորոգվել է և գործել մինչև XVIII դ. կեսը:
Հիմնական գրականություն
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
Սաղումյան Ս., Պատմական մի հուշարձանի կառուցման հարցի շուրջը, «Պատմաբանասիրական հանդես» , Երևան, 1986, N 2: