ՈՒՂՏԱՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

ՈՒՂՏԱՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

2013-08-28T11:22:29+00:00 14/06/2013|Սյունիքի Հուշարձաններ|

ՈՒՂՏԱՍԱՐԻ ԺԱՅՌԱ-
ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Սյունիքի մարզ
Ուղտասար լեռ
պետ. ցուցիչ` 8.13.19

Ուղտասարը գտնվում է Սիսիանից մոտ 30 կմ հեռու, Սյունյաց (Զանգեզուրի) լեռնաշղթայի բարձունքում, ծովի մակարդակից մոտ 3300 մ բարձրության վրա:Նրա լանջին է գտնվում ժայռապատկեր հուշարձաններով հարուստ Ուղտասար հնավայրը, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ` ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում: Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են: Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին` 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով:

Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ: Ուղտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին: Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ: Առավել մեծ քանակություն է կազմում բրոնզեդարյան (մ.թ.ա. III-II հազարամյակներ) ժայռապատկերների խումբը, որոնք առավելապես բազմաֆիգուր են և պատկերում են Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի կենցաղը, որսորդությունը, հավատալիքները, ինչպես և վերստեղծված է Հայաստանի կենդանական աշխարհը: Կանվայրի և ընտելացված կենդանիների` բեզոարյան ուղղաեղջյուր և գալարուն եղջյուրներով այծերի, վիթի, եղջերուի, տուրի (վայրիցուլ), ձիու, շան, վարազի, հովազի պատկերներ:

Կենդանիների պատկերները վերարտադրված են բնանմուշների, նրանց ֆիզիկական հատկանիշների խորիմացությամբ, կենսաշունչ արտահայտչամիջոցներով: Կենդանիների ոճավորված պատկերներում ցայտուն գծերով արտահայտված են նրանց ամենաբնորոշ շարժումները, տեսակային առանձնահատկությունները: Թեմատիկ տեսարանների մեծ մասում անմիջական մասնակիցը մարդն է` պատկերված որսի տեսարաններում, շարժման մեջ, լայնալիճ աղեղը ձեռքին, որսի կենդանու վրա նետարձակելիս, զինված նիզակով, հաճախ` պարանը ձեռքին: Պատկերված են ինչպես մեծ խմբերով կատարվող, այնպես էլ անհատական որսի տեսարաններ (շուրջկալ, որսի կենդանուն քշելու, հետապնդելու տարբեր եղանակներ): Վարպետորեն են քանդակված գազանի և մարդու մենամարտի, այծի հոտը գիշատիչների ոհմակի հարձակումներից պաշտպանող շան և այլ տեսարաններ:

Ուղտասարի ժայռապատկերների արվեստը տպավորիչ է թեʹ գեղարվեստական առումով, թեʹ բովանդակությամբ: Դրանք մեզ են հասել գրեթե անվնաս վիճակում. Միայն աննշան մասն է, հողմահարման ազդեցությամբ, վնասվելով պոկվել ժայռաբեկորների մակերևույթից, իսկ որոշ մասը, որ մոտ է աղբյուրներին, ծածկված է հողաշերտով:

Հիմնական գրականության

Կարախանյան Գ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները. Հայաստանի հնագիտական հուշարձանները, 4, Ժայռապատկերներ, պրակ 1, Երևան, 1970: