ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

2013-10-02T11:46:23+00:00 02/10/2013|Արարատի Հուշարձաններ|

ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ
Արարատի մարզ
գ. Լուսառատ
պետ. ցուցիչ` 3.49.2.

 

Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավարևելք, Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում: Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը մ. թ. ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն`Արտաքսատա): Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ: ժամանակագիրները Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»: Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր: Արտաշատով էին անցնում Հեռավոր Արևելքից Միջերկրական և Սև ծովերի ափերը ձգվող միջազգային տարանցիկ առևտրի ուղիները, որոնցով փոխադրում էին չինական մետաքս և այլ ապրանքներ:

Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա: Զբաղեցրել է 400-500 հա տարածություն: Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»` նման եղանակով ստեղծելով պաշտպանական ամրությունների հզոր համակարգ: Պարսպապատերը` մոտ 10 կմ երկարությամբ, կառուցված էին տեղական կարմրավուն քարից և մոխրագույն մարմարից: Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից` ջրով լցված արհեստական խանդակով: 58 թ. հռոմեացի զորավար Կորբուլոնը, գրավելով քաղաքը, հրկիզել և ավերել է` պատճառաբանելով լայնածավալ պարիսպներով բոլորված քաղաքը պահելու անհնարությամբ: Մինչ այսօր պահպանվել են պարիսպների մնացորդները, երևում են խանդակների հետքերը: Պաշտպանական համակարգի մեջ մտնող միջնաբերդը, պալատական, վարչական համալիրները, ավագանու բնակարանները, զորանոցներն ու զինանոցները կառուցվել են բլրախմբի հյուսիսարևելյան ծայրում գտնվող ամենաբարձր (70 մ) և ամենաընդարձակ բլրի վրա: Բլուրներից հյուսիս և հյուսիսարևելք տարածվում էին քաղաքային թաղամասերը: Կառուցապատված է եղել հելլենիստական քաղաքաշինության կանոններին համապատասխան: Ուներ ջրամատակարարման համակարգ: Լինելով հելլենիստական տիպի քաղաք` ամենայն հավանականությամբ պետք է ունենար ամֆիթատրոն: Մ. թ. ա. 53 թ. Հայոց թագավոր Արտավազդ II-ի պալատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Արտաշատում էր գտնվում քաղաքի հովանավոր աստվածուհուն` Անահիտ դիցուհուն նվիրված հեթանոսական հանրահայտ մեհյաններից մեկը: Քաղաքից ոչ հեռու, Երազամույն կոչված տեղում հեթանոսական Տիր աստծու մեհյանն էր: Բլուրներից մեկի վրա, որտեղ գտնվում էր արքունի բանտը, հետագայում հիմնվեց Խոր Վիրապ վանական համալիրը: Սա հայ ժողովրդի նվիրական ուխտատեղիներից է, քանի որ, ըստ ավանդության, տեղի վիրապում, Հայոց Տրդատ III թագավորի հրամանով, 14 տարի բանտարկված է եղել Հայաստանում քրիստոնեությունը հաստատող Ս. Գրիգոր Լուսավորիչը: Քաղաքը մի քանի կամուրջներով կապվում էր Արաքսի հակադիր ափին: Դրանցից մեկի`«Տափերականի» կամ «Արտաշատի կամրջի» մասին մնացել է հիշատակություն:

Արտաշատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն քաղաքի իրական անկումը սկսվում է Հայաստանի մայրաքաղաքը Դվին տեղափոխելու ժամանակներից (IV դ. 30-ական թթ.), ինչը կապված էր Արաքս և Մեծամոր գետերի հուների փոփոխության հետ: Արտաշատի համար կործանարար էին նաև 360-ական թթ. պարսից Շապուհ II-ի կողմից Արտաշատ քաղաքի ավերումը և բնակչության գերեվարությունը: Կորցնելով իր հզորությունն ու փառքը` Արտաշատը դեռ երկար ժամանակ պահպանում է քաղաքային նշանակությունը, միայն VII դ. երբեմնի խոշոր և ծաղկուն քաղաքից մնում է ոչ մեծ ավան` կից ամրոցով:

1967 թ. Փոքր Վեդի գյուղի տարածքում հայտնաբերվեցին լատիներեն երկու արձանագրություններ, որոնցից մեկը փորագրված էր իտալիկների լեգիոնի զինվորին վերաբերող տապանաքարի վրա, մյուսը` 0,8 մ բարձրությամբ և 8,5 մ ընդհանուր երկարությամբ հինգ սալաքարերի վրա, որում հիշատակվում էին Արտաքսատա քաղաքանունը, հռոմեական կայսր Տրայանոսի (53-117 թթ.) տիտղոսները և սկյութական IV լեգիոնի կողմից կատարվող ինչ-որ շինարարություն: Սա որոշակիորեն նպաստեց ձեռնամուխ լինելու մայրաքաղաքի հնագիտական ուսումնասիրությանը:

1970 թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց Արտաշատ մայրաքաղաքի կանոնավոր պեղումները (ղեկավարներ` Բ. Առաքելյան`1970-1986 թթ., Ժ. Խաչատրյան`1986 թ -ից), որոնք շարունակվում են մինչ օրս:

Պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ: Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ: Հայտնաբերված իրերի մեջ կան մ. թ. ա. II – մ. թ. I-II դդ. քանդակագործության և կիրառական արվեստի վարպետորեն պատրաստված ուշագրավ նմուշներ` կնոջ մարմարե արձան, կավե արձանիկներ, ոսկյա կախիկներով լազուրիտե ափսե, տերևազարդ ոսկե պսակ, այծի արծաթե արձանիկ, արծաթյա անոթների գեղարվեստորեն մշակված կանթեր և այլն: Գտնվել են հասարակ և գունազարդ խեցեղենի հարուստ տեսականի, կավե կղմինդրներ և խողովակներ, մետաղյա տարատեսակ զենքեր, քարից, ապակուց և ոսկրից պատրաստված զանազան իրեր: Քիչ չեն նաև այլ երկրներից ներմուծված առարկաները:

Արտաշատը նաև հին Հայաստանի դրամահատության կենտրոններից էր: Ներքին շուկայում շրջանառության մեջ էին ինչպես տեղում հատված, այնպես էլ` օտարերկրյա դրամներ: Գտնվել են Հայոց թագավորներ Տիգրան II-ի, Արտավազդ II-ի, Տիգրան III-ի, հարևան երկրների` սելևկյան, պարսկական, կապադովկյան, պոնտական, հռոմեական մ. թ. ա. II – մ. թ. I դդ. արծաթյա և պղնձյա դրամներ:

Հայտնաբերված պեղածո նյութերը գերազանցապես պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում:

Հիմնական գրականություն

Առաքելյան Բ., Հին Արտաշատ, Երևան, 1975:

Аракелян Б., Основные результаты раскопок древнего Арташата в 1970-1973 годах, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1974, N 4.

Խաչատրյան Ժ., Արտաշատ II, Երևան, 1981: