ԱՄՐՈՑ ՄԵՂՐԻ (Մեղրու բերդ)
Սյունիքի մարզ
ք. Մեղրի
պետ. ցուցիչ՝ 8.5.1.2
Հայկական միջնադարյան ճարտարապետության պաշտպանական կառույցների մեջ, իր հատակագծային-ծավալային հորինվածքով, առանձնակի տեղ ունի Մեղրու բերդը: Գտնվում է Մեղրու Մեծ թաղի հյուսիսային կողմում, լեռնաշղթաների դժվարամատչելի գագաթներին՝ պայտաձև ընդգրկելով բնակավայրը, ապահովելով դրա հուսալի պաշտպանությունը հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից: Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Առաջին պատմական տեղեկությունները հանդիպում են XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկում, ըստ որի՝ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել: Հիմնովին վերակառուցվել է XVIII դ.: Բաղկացած է 6 աշտարակներից: Բերդն իր հատակագծային հորինվածքով և կառուցվածքով եզակի է հայկական ամրաշինության մեջ նրանցով, որ չունի պարսպապատեր (դրանց փոխարինում են լեռնաշղթաները), և հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ բնակավայրը գտնվել է որոշակի հեռավորության վրա: Իրենց հատակագծերով բերդի 6 աշտարակները երկու տեսակի են՝ ուղղանկյուն և կլոր: Ուղղանկյուն հատակագիծ ունեն երկու, իսկ կլոր հատակագիծ՝ չորս աշտարակները:
Կլոր հատակագծով աշտարակներից երեքը տեղադրված են արևմտյան, մեկը՝ արևելյան լեռնաշղթայի վրա: Դրանց հատակագծերը կանոնավոր շրջանագծեր են՝ 5,5 մ արտաքին տրամագծով, և պատերի նույն հաստությամբ՝ 1 մետր: Մուտքերը հյուսիսային կողմերից են: Հրակնատների բացվածքները ունեն ճառագայթաձև դասավորություն:
Ուղղանկյուն հատակագծով երկու աշտարակները գտնվում են մեկական լեռնաշղթաների վրա: Դրանց երկարությունները գրեթե նույնն են՝ 10,20 մ և 10,60 մ, լայնությունները տարբեր՝ 2,70 մ և 3,90 մ: Պատերի հաստությունը 1 մ է: Մուտքերը հյուսիսային կողմերից են: Հրակնատները դասավորված են շախմատաձև՝ աշտարակների ամբողջ պարագծով:
Թե´ կլոր, թե´ ուղղանկյուն աշտարակները երկհարկանի են և կառուցված են կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարից: Պատերի մեջ, աշտարակների ողջ պարագծով, որպես սեյսմակայուն գոտիներ, մի քանի շարքով օգտագործվել են փայտե հեծաններ: Աշտարակների կայունությունն առավել ուժեղացնելով՝ պատերը դեպի վերև, դրսի կողմից նեղանում են, իսկ ներսի կողմից ուղղաձիգ են: Աշտարակների հրակնատները ունեն միևնույն կառուցվածքը. ուղղանկյուն բացվածքներով են, տարբեր բարձրությունների վրա և աշտարակների ամբողջ շրջագծով:
Պաշտպանական եզակի առանձնահատկությունների, հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ 1723 թ. Մեղրու բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել թուրքական հարձակումներին:
Հիմնական գրականություն
Մ. Հասրաթյան, Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, 1973:
Մ. Հասրաթյան, Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, 1987: