Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ (ԴՈՐԲԱՆՏԱՎԱՆՔ)
Լոռու մարզ
գ. Սվերդլով
պետ. ցուցիչ` 5.101.5.2
Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության Գուգարքի դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր հուշարձաններից է: Գտնվում է Սվերդլով գյուղից 3 կմ հյուսիսարևելք: Հուշարձանի մասին որևէ պատմական և մատենագրական տեղեկություն չի պահպանվել: Ճարտարապետական առանձնահատկությունների և հարդարանքի մանրամասերի ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը վերագրվել է VI դ. առաջին կեսին: Պատկանում է գմբեթավոր, խաչաձև, եռախորան եկեղեցիների տիպին: Սակայն Ս. Աստվածածին եկեղեցին առանձնանում է նույնատիպ եկեղեցիներից իր հատակագծային ինքնատիպ լուծումով: Հուշարձանի արևելյան և արևմտյան խաչաթևերը հյուսիսային և հարավային խաչաթևերից երկար են և լայն, որի շնորհիվ կառույցը ստացել է շեշտված ձգվածություն՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբ: Գմբեթատակ հիմքը ոչ թե քառակուսի է, այլ՝ ուղղանկյուն, իսկ գմբեթաթաղը՝ ձվաձև: Ներքուստ կիսաշրջանաձև խորանները արտաքուստ բազմանիստ են: Արևելյան, հյուսիսային և հարավային խորանները ավարտվում են գմբեթարդով, իսկ արևմտյանը՝ կիսագլանաձև թաղով: Արևելյան խորանի երկու կողմերում տեղադրված են ուղղանկյուն հատակագծով երկու ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Հուշարձանը կառուցված է դեղնականաչավուն ֆելզիտի սրբատաշ մեծաչափ քարերով, իսկ որոշ հատվածներ՝ սև տուֆով:
Եկեղեցին ունի VI դ. բնորոշ դեկորատիվ հարդարանք՝ պայտաձև կամարաշարերով՝ քիվեր, երկշարք ատամիկներով մշակված՝ պատուհանի եզրակալներ:
Ս. Աստվածածին եկեղեցին նորոգվել է 1980 –ական թվականներին:
Դորբանտավանքը իր հատակագծային յուրօրինակ լուծումով և ճարտարապետական առանձնահատկություններով կարևոր տեղ է գրավում վաղմիջնադարյան եռախորան հուշարձանների շարքում:
Հիմնական գրականություն
Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982:
Շխկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: