ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ԱՐԾՎԱՔԱՆԴԱԿ ԽՈՅԱԿՆԵՐԸ
Արմավիրի մարզ
ք. Էջմիածին
Զվարթնոց տաճարը եկեղեցաշինության մեջ նորություններ է բերել ոչ միայն իր եռաստիճան վերսլաց կառուցվածքով, աննախադեպ հատակագծային և կառուցվածքային լուծումներով, այլև՝ արտաքին և ներքին ճոխ ու կատարյալ՝ բուսական, կենդանական, երկրաչափական, աշխարհիկ ու հոգևոր պատկերներով հարուստ գեղարվեստական հարդարանքով: Զվարթնոցի զարդաքանդակներում առանձնապես ուշագրավ են չորս սյուները զարդարող արծվաքանդակ խոյակները, որոնք եզակի երևույթ են վաղ միջնադարյան ճարտարապետության մեջ: Արծվի մոտիվի ընտրության հարցում որոշակի նշանակություն են ունեցել խոյակի «պահունակային» հորինվածքով կողային մասերը, որոնք կարծես պատրաստի հարթություններ լինեն արծիվների ուժեղ, լայնատարած թևեր քանդակելու համար: Արծիվը համարվում է պահապան ուժի, քաջության, հզորության, ազատության խորհրդանիշ: Բոլոր չորս արծվախոյակները պահպանվել են համեմատաբար լավ վիճակում: Ուշագրավ է այն փաստը, որ արծիվներից ոչ մեկը չի կրկնում մյուսին: Դրանք պատկերված են թևատարած վիճակում, թռիչքի պատրաստվելիս: Արծիվների գլուխները թեքված են դեպի ձախ և աջ, կարծես նայում են իրար և հսկում տաճարը: Հատկապես թևերի մշակմամբ, արծիվները տարբերվում են միմյանցից: Արևելյան զույգ արծիվների փոքր փետուրները հարթ են, դրանց կենտրոնով, ինչպես նաև երկար փետուրների վրայով անցնում է ուռուցիկ մի գիծ, իսկ արևմտյան զույգ արծիվների փոքր փետուրները գոգավոր են, իսկ երկարները՝ հարթ: Հետաքրքրական են արծիվների թևատակերի մատղաշ ծաղիկները՝ զարդարված ականթի նմանությամբ բուսական քանդակներով:
Զվարթնոցի արծվաքանդակներից մեկը 2009 թ. ցուցադրվել է Լուվրի թանգարանում՝ Ֆրանսիայում Հայաստանի օրերի շրջանակում:
Հիմնական գրականություն
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1942:
Թորամանյան Թ., Զվարթնոց, Գագկաշեն, Երևան, 1984:
Մնացականյան Ս., Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, 1971: