ՎԵՐԻՇԵՆԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ
Սյունիքի մարզ
գ. Վերիշեն
պետ. ցուցիչ՝ N 8.96.10
Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Գտնվում է գյուղի կենտրոնում: Կառուցվել է IV-V դդ.: Ըստ դռան ճակատակալ քարի արձանագրության՝ հիմնովին վերակառուցվել է XVII դ.: Միանավ թաղածածկ սրահներից չափերով ամենամեծն է (երկարությունը՝ 27,3 մ): Աղոթասրահը արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն սրահ է, որը արևելյան կողմում ավարտվում է դրսից և ներսից կիսաշրջանաձև խորանով: Ուշագրավ է նրանով, որ պատկանում է այն սակավաթիվ հուշարձանների թվին, որոնց խորանը ոչ թե բազմանիստ է, այլ՝ կիսաշրջանաձև: Ներքին տարածքը 5 զույգ որմնամույթերով բաժանված է վեց մասի: Լայն որմնամույթերի միջև եղած տարածությունները թողնում են խորշերի տպավորություն: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային (այժմ՝ փակված) ճակատներում: Կառուցված է տեղական կոպտատաշ բազալտով: Պատերի շարվածքում օգտագործվել են հնագույն կառույցի՝ IV-V դդ. բեկորներ:
Եկեղեցու բակում կան XV-XVII դդ. բազմաթիվ արժեքավոր արձանագիր խաչքարեր և քանդակազարդ տապանաքարեր: Այստեղ պահպանվել է նաև սահմանասյան տեսքով, հազվադեպ հանդիպող մի կոթող:
Հիմնական գրականություն
Հասրաթյան Մ., Հայաստանի արտաքուստ շեշտված աբսիդով միանավ հուշարձանները, «ԼՀԳ», Երևան, 1976, N 11:
Տեր-Մինասյան Ա., Պատմական Սյունիքի վաղ միջնադարյան միանավ հուշարձանները, «ԼՀԳ», Երևան, 1986, N 1:
Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ II, Երևան, 1960: