ՀՈՒՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Սյունիքի մարզ
ք. Կապան
պետ. ցուցիչ՝ 8.1.11.1
Կապան քաղաքի Կավարտ թաղամասից 4 կմ հեռավորության վրա գտնվող Բաշքենդ գյուղատեղիում է գտնվում ճարտարապետական և գեղարվեստական ինքնատիպ լուծումներով կառուցված հունական եկեղեցին: Ըստ ճակատակալ քարի շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցել են ազգությամբ հույն Կոնդուրով եղբայրները 1865 թ.: Գմբեթավոր շինություն է՝ կառուցված ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով: Քիվերի, պատուհանների շրջանակների և զարդագոտիների համար սպիտակադեղնավուն կրաքարի օգտագործումը հետաքրքրական գունային երանգ են հաղորդել կառույցին: Եկեղեցու արևմտյան ճակատին կից է զանգակատունը: Այստեղ է գտնվում նաև եկեղեցու շինարարի դամբարանը:
1960-ական թթ. եկեղեցու շրջակայքում փլուզումների, հանքի շահագործման ընթացքում պարբերաբար իրականացված պայթեցումների պատճառով եկեղեցին այսօր գտնվում է խիստ վթարային վիճակում: