ՍԱԼԼԻ ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՍԱԼԼԻ ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Վայոց ձորի մարզ, պետ. ցուցիչ` 9.38

Այն գտնվում է Եղեգնաձոր-Մարտունի մայրուղու վրա` գետի ձախ ափին: Գյուղից շուրջ երեք հարյուր մետր արևելք գտնվող բլրի բարձրադիր հատվածում հանդիպում ենք առանց արձանագրության խաչքարի: Բլրի ստորոտին ձգվում է հին գերեզմանատունը, որի թվագրության վերաբերյալ մեզ կողմնորոշում է տապանաքարերից մեկի վրա գրված թվականը` ՌՃԾԳ (1153թ. ):

Գերեզմանատունն ունեցել է եկեղեցի, որից մեզ են հասել հիմնապատերը, միջին սեղանի կամարը և մեծաթիվ բեկորներ:

Հնագետ, վիմագրագետ Ս. Բարխուդարյանը այս հուշարձանի մասին գրում է. «…Վանքի հիմնադրության պատմությունը սյունյաց պատմագիրը (Ստ. Օրբելյան) հասցնում է մինչև «ի ժամանակս թագավորությանն Հայոց Արշակունեաց»: Կեսարիա մեկնած Գրիգոր Լուսավորչին ուղեկցել են նաև Սյունյաց իշխանները, որոնք, վերադառնալով, իրենց հետ Հայաստան են բերել սուրբ Մամասի նշխարները և դրանց վրա կառուցել վկայարան: Պատմական հիշյալ ժամանակահատվածում նմանօրինակ կերպով սրբերի նշխարներ բերվել են Հայաստանի գրեթե բոլոր գավառներ` նպատակ ունենալով, ինչպես Ստ. Օրբելյանն է ասում, «…Պարսպեալ, ամրասցին յամենայն հիմից թշնամեաց և պատահմանց չարեաց և լիցին մշտնջենական բարեխոս առ Քրիստոս»:

Հետագայում` XIII դարի սկզբին, Իվանե աթաբեկի օրոք Սեթ և Պողոս եղբայրները վկայարանի տեղում` խորանին կից, կառուցում են երկու շինություն:

Ստ. Օրբելյանը եկեղեցու գործունեության մասին գրում է. «Այժմ էլ գոյություն ունի որպես պարծանք ու բարեխոսություն այս աշխարհի համար` օրըստօրե մեծամեծ հրաշքներ գործելով բոլոր նեղյալների, հիվանդների ու դիվահարների համար»:

Քաջբերունին Ս. Մամասին անվանում է տաճար, բացատրելով, որ եթե եկեղեցիները մինչև հիմա կանգուն լինեին, ապա պատերի վիմագիր արձանագրությունները հնարավորություն կտային պատասխանելու բազմաթիվ վիճելի հարցերի:

Հետագայում Սալլիի բնակիչները իրենց տները կառուցելիս օգտագործել են նաև եկեղեցու փլված սրբատաշ քարերը և մի քանի խաչքարեր, որոնք այժմ էլ նկատելի են պատերի մեջ:

Հուշարձանի տարածքում մեր կատարած լուսանկարները համեմատելով Ս. Բարխուդարյանի վերծանած արձանագրությունների հետ եզրակացնում ենք, որ այսօր էլ հուշարձանի պահպանությունը ոչ միայն առաջնահերթ անհրաժեշտություն է ներկայացնում, այլև տարածքում պեղումների կազմակերպումը կարող է նոր չլուսաբանված էջեր ավելացնել հուշարձանի տարեգրությանը: