ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ

2016-09-09T16:24:10+00:00 02/09/2016|Լրահոս, Շիրակի Հուշարձաններ|

Սառնաղբյուր գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք` Չլկան գետակի ձորում` ծովի մակարդակից 1925 մետր բարձրության վրա: Ղևոնդ Ալիշանը գյուղի «Սէօկիւտլիւ» հին անունը մեկնում է որպես «Ուռենուտ»:

Գյուղը հարուստ է պատմական տարբեր ժամանակշրջաններին բնորոշ մշակութային հուշարձաններով: Այստեղ մինչ օրս պահպանվել են հին բնակատեղիներ` ամրոցներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, դամբարաններ, մահարձաններ, մենհիրներ և այլն:

Սառնաղբյուր գյուղը առավելապես հայտնի է իր երկու եկեղեցիներով: Առաջինը կառուցվել է 1883 թվականին և կոչվում է Սբ. Թադեոս Առաքյալի անունով: Եկեղեցին եռանավ բազիլիկ տիպի կառույց է: Հովսեփ Եղիազարյանը՝ անդրադառնալով եկեղեցու ճարտարապետական նկարագրին, ընդգծում է, որ՝ հատկապես ներսում, չորս ութանիստ մույթերն աղեղնաձև կամարներով միացած են եղել պատերին կից կիսամույթերին` կազմելով թաղակապ ծածկ: Մույթերի խոյակներն ու խարիսխները զարդարված են գնդիկավոր-մարգարտաշար քանդակներով: Երեք կամարակապ մեծ մուտքերը բացվել են արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից: Արևելյան ճակատի վրա կան երկու եռանկյունաձև խորշեր, որոնց կամարակապ գագաթները զարդարված են ճառագայթաձև քանդակներով: Քիվերը պատած են ստալակտիկ զարդաքանդակներով: Ամբողջ շենքը շարված է եղել կարմրագույն մաքուր տաշված տուֆաքարերով և կրաշաղախով, իսկ արևմտյան կողմը՝ համաձայն ուսումնասիրողի, անավարտ զանգակատուն է:

Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ամենահինն է, որը բազմիցս վերափոխվել է: Ուսումնասիրություններից հայտնի է, որ եկեղեցին պատկանում է բազիլիկ տիպի կառույցներին, որից, ցավոք, շատ քիչ բան է պահպանվել: Կառույցն ու պահպանված որմնասյան խարսխի գծավոր զարդաքանդակները բնորոշ են V-VI դարերին: XVIII-XIX դարերի ընթացքում կատարված վերանորոգումների ու վերափոխումների արդյունքում եկեղեցին փոքրացել ու դարձել է փայտածածկ:

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սառնաղբյուր գյուղի Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին: Ղևոնդ Ալիշանի բնորոշմամբ այն իրենից ներկայացնում է. «քարայր մեծ կարմիր վիմօք, յորոց խոխոջանօք իջանէ աղբիւր ականակիտ»: Ականավոր հայագետը հիմնավորում է նաև քարայրին տված Սբ.Լուսավորիչ անվանումը. «իբրու թէ նշմարին `ի քարինսն անձեռագործ ձևք խաչից, յորոյ վերայ վառեն մոմեղէնս և խունկ ածեն, համարելով անդ ճգնյալ զԼուսաւորիչն, և խաչ կանգնեալ է `ի գլուխ սիւնակին և`ի ներքոյ գրեալ` Սուրբ Գրիգոր»:

Ճարտարապետության պատմության նշանավոր տեսաբան` Թորոս Թորամանյանը, անդրադառնալով Սառնաղբյուրի կառույցներին գրում է. «…. այս գյուղի մեջ հատկապես նշանավոր է ջուր բխող մեծ քարայրը, որը ծառայել է որպես ուխտատեղի»: Քարայրի ներքին պատերի վրա պահպանվել են արձանագրություններ: Ժամանակի ընթացքում քարայրն ընդարձակվել է, իսկ ժայռերին քանդակվել են խաչեր: Հետազոտողների կարծիքով հեթանոսական ժամանակաշրջանում քարայրը եղել է ջրի պաշտամունքի վայր, այնուհետև` դարձել սրբատեղի և գոյատևել քրիստոնեական շրջանից մինչ օրս: Տեղացիները քարայրին տվել են «Զաղա» անվանումը:

Սառնաղբյուր գյուղի մատույցներում պահպանվել են մի քանի ամրոցների մնացորդներ: Ամրոցներից մեկը գտնվում է գյուղի հարավ-արևելյան մասում` մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա: Ամրոցը կառուցվել է մի բարձրավանդակի վրա (թվագրվում է մ.թ.ա. I հազարամայակով մինչև մ.թ.XIV դար), ուր միանում են «Սոյի» և «Մեծ» ձորերը: Սարահարթն ամրացված է եղել բերդապարիսպներով, որոնք հյուսիսային կողմից երկշարք են, իսկ արևելյան կողմից` եռաշարք: Բերդապարսպի արտաքին եզրերը շարված են անմշակ որձաքարերով, իսկ միջուկը` մանր որձաքարերով` առանց շաղախի: Պարսպապատի հաստությունը 1.5 մետր է: Կրկնապարիսպները բացառապես շարվել են մեծ չափի անմշակ որձաքարերով` արտաքին կողմից ուղղանկյուն, բրգաձև ելուստներով, որոնք նույնպես առանց շաղախի են և ունեն 3.5 մետր հաստություն: Ամրոցի գլխավոր մուտքը արևելյան կողմից է: Տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամրոցի շրջակայքում գտնվել է դամբարանադաշտ (մ.թ.ա. I հազարամայակ) :

«Մեծ-Բերդ» կոչվող ամրոցը (մ.թ.ա. II- I հազարամայակ) գտնվել է Սառնաղբյուրի արևելյան կողմում` գյուղից չորս կիլոմետր հեռավորության վրա` «Մեծ Ձորի» աջ սարահարթին: Ամրոցը զբաղեցնում է մոտ 2 հեկտար տարածություն: Հարավային կողմից ամրոցը պաշտպանել է ձորի անմատչելի զառիթափը: Մյուս բոլոր կողմերից կառուցվել են կորաձև բերդապարիսպներ` անմշակ, խոշոր որձաքարերով ու առանց շաղախի, որոնց հաստությունը մոտ 3.5 մետր է: Պարիսպներն արտաքինից ունեն ուղղանկյուն ելուստներ` բուրգերի ձևով և աչքի են ընկնում համաչափ դասավորությամբ: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Պահպանված պատերի բարձրությունը տեղ-տեղ հասնում է մինչև 2 մետրի: Ամրոցի շրջակայքում կա նաև դամբարանադաշտ (մ.թ.ա. II հազարամայակ):

«Ղալաչա» անունով հայտնի երրորդ ամրոցը (մ.թ.ա. II- I հազարամյակ) գտնվում է Սառնաղբյուրի հարավ-արևմտյան մասում` 1 կիլոմետր հեռավորության վրա: «Ղալաչա» բլրի հարթ գագաթին է գտնվել ամրոցը` ամրացված բերդապարիսպներով: 1.5 մետր հաստություն ունեցող պարիսպները նույնպես շարված են անմշակ ու մեծ չափերի որձաքարերով: Արևելյան, հյուսիսային և հարավային լանջերին ձգվում են կրկնապարիսպները: Բլրի վրա` պարիսպներից ներս, նկատվում են շենքերի հետքեր, իսկ առանձին ժայռերի մեջ փորված են սանդեր: Ամրոցի տարածքում թափված են կավե զանազան ամանների բազմաթիվ կտորներ, որոնցից շատերը պատկանում են մ.թ.ա. IX դարից մինչև XII-XIV դարերին: Այս ամրոցի շրջակայքում ևս եղել է դամբարանադաշտ (մ.թ.ա. II-I հազարամայակ):

Սառնաղբյուր գյուղի մերձակայքում պահպանվել են հին բնակավայրերի և գյուղատեղիների հետքեր: Դրանցից են` գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք, բարձրադիր վայրում, «Վանքի ձոր»-ի դիմաց հայտնաբերված է մ.թ.ա. I հազարամյակի և գյուղից 5 կմ արևելք «Փայլևանի խարաբեք» վայրում գտնվող մ.թ.ա. III-I դարերի բնակատեղիները: Սառնաղբյուրից 3 կմ հյուսիս-արևմուտք` Հոգեվանքից դեպի հյուսիս, ընկած է մ.թ.ա. II-I հազարամյակի, իսկ «Փայլևանի խարաբեք» բնակատեղիից հյուսիս` սարահարթի վրա, մ.թ.ա. I հազարամյակի դամբարանադաշտ:

Գյուղի սահմաններում կան նաև մենաքարեր (մենհիրներ): Դրանցից մեկը գտնվում է դաշտում` գյուղից 500 մետր դեպի արևմուտք: Մ.թ.ա. II-I հազարամյակի մենհիրն ունի 2.5 մետր բարձրություն, ծակոտկեն բազալտից է, որի արևելյան և արևմտյան կողմերը հարթեցված են: Մյուս կողմերը դեպի վերև աստիճանաբար նեղանում են և ավարտվում սրածայր գագաթով, որի վերնամասը կոտրված է: Հետագայում մենհիրի արևմտյան ճակատը հարդարվել է պարզ խաչապատկերներով:

Օգտագործված գրականություն.
1. Ալիշան Ղ., Շիրակ, Վենետիկ, 1881թ:
2. Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան 1975:
3.Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան 1948: