ԵՂԵԳՆԱՁՈՐԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԵՂԵԳՆԱՁՈՐԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2016-11-01T15:41:17+00:00 26/10/2016|Վայոց Ձորի Հուշարձաններ|

Եղեգնաձորը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիս-արևելյան և արևմտյան հատվածներում գտնվող դամբարանադաշտերի գտածոները, որոնք պահվում են Վայոց ձորի մարզային երկրագիտական թանգարանում:
Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, ապա Խոտորալեզ, այնուհետև` Եղեգիք, իսկ XIX դարի սկզբներից` Քեշիշքենդ։

1935թ. բնակավայրը վերանվանվել է Միկոյան` ի պատիվ Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի։ Երկու տասնամյակ անց`1958 թ-ի դեկտեմբերի 6-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի համապատասխան հրամանագրով քաղաքը կոչվեց Եղեգնաձոր:
Այն տարածվում է Արփա գետի Սրկղունք վտակի աջ և ձախ ափերին: Բարձրությունը ծովի մակերևույթից 1250 մ է։

Եղեգնաձորը միջպետական, ինչպես նաև տարանցիկ մայրուղի է: Այստեղով են անցնում Երևանից Սյունիքի մարզ, ԼՂՀ և Իրանի իսլամական հանրապետություն տանող ուղիները:
Համաձայն պատմիչ Ստ. Օրբելյանի հաղորդած տեղեկության` Վարդանանց նահատակությունից հետո նրա կողմնակիցներից կազմված մի գունդ նահանջում է դեպի «յամուր աշխարհն Արցախայ»:
«Հասնելով Վայոց ձոր գավառի մեջտեղը, – գրում է պատմիչը,- Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի («Քյոշկ» ամրոց) մոտ, տեղի ամրության պատճառով մեծ արյունահեղություն արեցին»:

Քյոշկ ամրոցը /պետ. ցուցիչ` 9.1.2./` որպես անառիկ բերդ, գոյություն է ունեցել մ.թ.ա. II-I հազարամյակներում: Այն Սյունյաց աշխարհի հնագույն շինություններից է և համարվում է կիկլոպյան ամրոց: Ամրոցի շրջակայքից բնակիչները հայտնաբերել են բազմաթիվ կենցաղային և մարտական նշանակության իրեր, որոնք պահվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Ամրոցի հսկա քարերով կառուցված եռաշարք պարիսպները կանգուն են մինչև այսօր:

461թ.Գյուտ Արահեզացի կաթողիկոսը պատվիրում է, որ ամենուրեք պատվով պահպանվի Վարդանանց հիշատակը: Քյոշկ ամրոցին կից կառուցում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին` սրբատաշ, երկգմբեթ, սյունազարդ վերնատնով և կազմակերպում նահատակների ոսկորների հուղարկավորությունը եկեղեցում ու ամրոցի տարածքում:
Եկեղեցու խոնարհումից հետո (XVII դ.), նույն տեղում` ամրոցի հյուսիսային մասում, կառուցվում է ս. Սարգիս եկեղեցին /պետ. ցուցիչ` 9.1.2.1./: Եկեղեցու բակում հայտնաբերվել է Վարդանանց եկեղեցու հիմքից մի հատված:

Հատկապես առանձնացվում է Ս. Սարգիս եկեղեցու պատի մեջ ագուցված խաչքարը, որն աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ և յուրօրինակությամբ: Եկեղեցու բակում կա խաչքար և տապանաքար:

Օգտագործված գրականություն

1. Օրբելյան Ստ. «Սյունքի պատմությունշ»
2. Ալիշան Ղ. «Հայապատում»
3. Բարխուդարյան Ս. «Դիվան հայ վիմագրության» պր․ 3
4. Քաջբերունի . «Ճանապարհորդական նկատողություններ»