«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ մայիսի 25-ին Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգուց կազմակերպվել է երթ` նվիրված Վարդանանց պատերազմի 1566-րդ տարելիցին: Մոմիկի արձանի մոտ էին հավաքվել Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներ, Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, Վայոց ձորի թեմի «Երիտասարդաց միություն» հասարակական կազմակերպության անդամներ, ՊՄՊ մարզային ծառայության և «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցներ:
Երթի մասնակիցները դրոշներով, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավի պաստառներով, հուշարձանների պահպանությանը նվիրված կարգախոսներով Նարեկացու փողոցով շարժվել են դեպի «Քյոշկ» ամրոց: Երթն ուղեկցվել է շարականներով ու հայրենասիրական երգերով:
Ամրոցի բարձունքում, ողջունելով մասնակիցներին, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը պատմել է Ավարայրի ճակատամարտի, հայոց պատմության մեջ դրա ունեցած ճակատագրական դերի մասին, բազում նահատակների հիշատակին ամրոցի ստորոտում Գյուտ կաթողիկոսի կառուցած տաճարի և այդ տաճարի տեղում 17-րդ դարում կառուցված ս. Սարգիս եկեղեցու մասին: Նա նշել է, որ այսօր` ավելի քան երբևէ, մեր ազգին պետք է միասնություն, սեր հայրենիքի հանդեպ:
ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, մեջբերելով Եղիշեի «…Մահ իմացյալ անմահություն է…» խոսքերն ասել է, որ ժողովուրդը սրբորեն է պահպանում մեզ հասած քարե մասունքներն ու խոնարհվում նրանց հիշատակի առջև: Նա տեղեկություններ է փոխանցել նահատակների հիշատակին Եղեգնաձորում, Շատինում, Արտաբույնքում կառուցված մատուռների ու սրբավայրերի մասին:
Երթի մասնակիցները ծաղիկներ են դրել սուրբ Սարգիս եկեղեցու մոտ Վարդանանց հիշատակին կանգնեցված խաչքարին և զոհերին ի հիշատակ` կատարել մոմավառություն: