ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը վերածվել է յուրօրինակ ճամբարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում, հուլիսի 13-ից մեր երկրում են աշխարհի տարբեր անկյուններից (Կորեա, Հոնկոնգ, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Լեհաստան, Լատվիա) ժամանած 14 երիտասարդ կամավորներ: Նախապես ներկայացված տարբեր երկրների ցանկից կամավորները ընտրել են հենց Հայաստանը ու մեր երկիր եկել «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբարում օտարերկրացի երիտասարդները առաջին անգամ են: Այցելել են Ցեղասպանության թանգարան ինստիտուտ, տպավորվել` ներկայացված նյութով: Ճամբարականները եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հիացել Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիների ճարտարապետությամբ, շրջել` Երևանում:

Ճամբարի պետ Տաթևիկ Մկրտչյանի խոսքով օտարերկացի երիտասարդների համար մեծ պատիվ ու բացառիկ հնարավորություն է ոչ միայն տեսնել 7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի կառույցը՝ Զվարթնոց տաճարը, այլև ապրել դրա հարևանությամբ, հիանալ խորհրդավոր ավերակների գեղեցկությամբ, շրջել տաճարի տարածքում ու փոքրիկ «ներդրում» ունենալ «Զվարթնոց»-ի պահպանության գործում։ Նրանք մասնակցել են արգելոց-թանգարանի սանիտարական մաքրման աշխատանքներին։

Ծրագրի շրջանակում ճամբարի մասնակիցների համար ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը նախաձեռնել էր գեղանկարչության վարպետության դաս, որն անցկացրել է գեղանկարիչ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ Արեգ Միրիջանյանը։ Նրա մի քանի խորհուրդներից ու տարբեր նյութերի հետ աշխատելու նրբությունները բացատրելուց հետո, երիտասարդները թղթին են հանձնել Զվարթնոց տաճարի իրենց ընկալումը։

Իսպանուհի Իզաբել Լապուենտեն հաջողություն է համարում Զվարթնոց տաճարով օրվա տարբեր ժամերին հիանալու բացառիկ հնարավորությունը, նրա համար այս ծրագիրը Հայաստանի մշակույթի ու պատմությանը ծանոթանալու հրաշալի առիթ էր, որը չէր կարող բաց թողնել։ Կորեացի Ջիվոն Չոյն էլ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել 7-րդ դարի հրաշալի տաճարին ծանոթանալ ոչ թե զբոսաշրջիկի, այլ տեղացիների նման։

«Հոնկոնգում նման տաճարներ չկան, «Զվարթնոցը» տպավորում է իր շքեղությամբ ու խորհրդավորությամբ,-անկեղծանում են Հոնկոնգից եկած երկու կամավորները։

Երիտասարդներից շատերը տեղեկացված էին Հայոց ցեղասպանության մասին և դա է պատճառը, որ ցանկություն են հայտնել տեսնել «Խոստում» ֆիլմը:

Կամավորները Հայաստանից կմեկնեն հուլիսի 27-ին, կրկին վերադառնալու ակնկալիքով: