Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵՎ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵՎ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵՎ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Գեղարքունիքի մարզ
գ. Հացառատ
պետ. ցուցիչ` 4.1.18

Հացառատ (նախկինում Առնեղ) գյուղում պահպանվել են իրար կից Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիները` շրջապատված պարսպով:

Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Թեև, եկեղեցու արևելյան ճակատի վրա պահպանված շինարարական արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցել է Շաղաբաթ իշխան Առնեղացին 898 թ., սակայն իր ճարտարապետական տիպով և հարդարանքի տարրերով Ս. Աստվածածին եկեղեցին վերագրվում է VII դ.: Ենթադրվում է, որ 898 թ. կարող է նորոգման տարեթիվը լինել: Եռախորան, գմբեթավոր կառույց է` արևմտյան ուղղանկյուն խաչաթևով: Ունի երկու մուտք` արևմտյան և հարավային: Կառուցված է գորշ, սրբատաշ տուֆով: Եկեղեցու արևելյան ճակատին ագուցված է որմնախաչ:

Ս. Գրիգոր եկեղեցին կից է Ս. Աստվածածին եկեղեցուն` հարավային կողմից: Կառուցվել է XIX դ., ավելի հին եկեղեցու հիմքի վրա: Եռանավ բազիլիկ է: Պահպանվել են հին եկեղեցու պատերի մնացորդները:
Եկեղեցիների շուրջը ընդարձակ գերեզմանատուն է` բազմաթիվ թվագիր խաչքարերով և տապանաքարերով:

Հիմնական գրականություն

Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ IV, Երևան, 1973:

Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960: