«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՊՄՊ ծառայությունների աշխատանքների գծով Հայկ Դանիելյանը շրջայցով Գեղարքունիքի մարզում էր։
Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել է Վանեվան վանական համալիրը, Բերդկունք, Թեյշեբաինի (Օձաբերդ) ամրոցները, Քանագեղ հնավայրի տարածում գտնվող 12-13 -րդ դարերով թվագրվող Սուրբ խաչ մատուռը։
Վանեվան վանական համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։
Համաձայն շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ․ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից։
Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։
Վանեվան համալիրից հետո ուսումնասիրության հաջորդ կանգառը՝ մոտ Ք․ա. 8-6 դդ․ թվագրվող «Թեյշեբաինի» (օձաբերդ) ամրոց էր։
Ուրարտական տիրապետության շրջանում «Թեյշեբաինի» ամրոցը հանդիսացել է Սևանա լճի հարավային ավազանի գլխավոր հենակետը, վերահսկել լճափով անցնող և դեպի Սոթքի ոսկու հանք տանող ռազմավարական ճանապարհը։
Վանի թագավորության միապետ Ռուսա I-ը (գահակալել է Ք.ա. 735-713 թթ.) նվաճել է Օձաբերդը, վերանվանել ուրարտական դիցարանի գլխավոր աստվածներից մեկի՝ ամպրոպի և պատերազմի աստված Թեյշեբայի անունով և այդ իրադարձությունը հաստատող սեպագիր արձանագրություն թողել ամրոցի մոտակա ժայռին։
Ուսումնասիրվել է «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոց ( մ․թ․ա․II–I) բազմաշերտ հուշարձանը։
Բերդկունքի ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ մինչ օրս այն կոչվում է «Սպիտակ բերդ»։
Համեմատաբար լավ են պահպանվել միջնադարյան «Սպիտակ բերդ» ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը: