Սևանի գրկում ծվարած «Բերդկունք» բազմաշերտ հուշարձանի տարածքը բազմամարդ էր։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը «Բերդկունք» ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին պատվոգրեր են հանձնել:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արտավազդ Զաքյանը նախքան պատվոգրերի հանձնումը մասնկացիներին է ներկայացրել ամրոցի պատմությունն ու կարևորությունը, այնուհետև միջոցառման մասնակիցներին է հանձնվել ՊՈԱԿ-ի հրատարակած գիտահանրամատչելի գրքույկները։
Շարունակելով վահանակների տեղադրումը Հանրապետության ամրոցների տարածքներում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Բերդկունքի» տարածքում ևս տեղադրել է եռալեզու տեղեկատվական վահանակ QR կոդով:
«Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը այժմ պեղումներ է իրականացնում /արշավախմբի ղեկավար Լ. Ալեքսանյան/ «Բերդկունք» ամրոցի տարածքում:
Աշակերտներին հնարավորություն է տրվել կարճ ժամանակով հնագետ զգալու, շոշափելով դարերի փոշին:
ԿԳՄՍ նախարարությունը պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ. այն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․II–I հազ., վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդակունք գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ:
Համեմատաբար լավ են պահպանվել միջնադարյան «Սպիտակ բերդ» ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը: Միջնաբերդի հարավային աշտարակն ունի մինչև ութ մետր բարձրություն: Պահպանվել են բազմաթիվ շինությունների ավերակներ, հատկապես՝ արևելյան մասում, լճին հարող հատվածում, որտեղ պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մ: