ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ

2014-05-14T12:17:37+00:00 24/02/2014|Տավուշի Հուշարձաններ|

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ

Տավուշի մարզ
գ. Աճարկուտ
պետ. ցուցիչ` 10.8.6.12

Գտնվում է Աճարկուտ գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջին, Կիրանց գետակի ձախափնյա բլրակի վրա, Առաքելոց գյուղատեղիի կենտրոնում: Այն միջնադարյան Հայաստանի ուշագրավ վանական համալիրներից է, որն այժմ կիսավեր վիճակում է: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, զանգակատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Ողջ համալիրը շրջապատված է բարձր, բրգավոր, հաստ պարիսպներով:

Գլխավոր եկեղեցի – գտնվում է համալիրի հյուսիսարևմտյան կողմում: Հյուսիսային կողմից կից է պարսպին: Կառուցվել է XIII դ.: Ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է: Կառուցված է դեղնակապտավուն քարով: Միակ մուտքը արևտյան կողմից է, որը բացվում է գավթի մեջ: Պատերը դրսից սրբատաշ են, ներսից՝ կոպտատաշ: Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ: Եկեղեցու հարավային պատի մոտ, պատվանդանի վրա կանգնեցված է կարմրավուն տուֆից կերտված Ս. Կարապետ գեղաքանդակ և բարձրարվեստ խաչքարը, որի վրա կան արձանագրություններ:

Երկրորդ եկեղեցի – գտնվում է պարսպի գլխավոր մուտքի հարավային կողմում, արևելյան պարսպապատին կից: Քառանկյուն հատակագծով միանավ, թաղածածկ սրահատիպ կառույց է: Մուտքը հարավից է:
Եկեղեցուց մի քանի մետր հարավ, պարսպին կից՝ ընդարձակ շինության ավերակներ են: Ենթադրվում է, որ դա եղել է Առաքելոց վանքի սեղանատունը:

Գավիթ – կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից: Այն համալիրի առավել ուշագրավ կառույցներից է: Միջնադարյան ճարտարապետության մեջ այս գավիթը եզակի է իր թաղակապ ծածկի և երդիկի յուրահատուկ հորինվածքով: Ուղղանկյուն հատակագծով շինություն է, որի երկու զույգ փոխհատվող կամարներով իրականացված միջին քառակուսին երդիկավոր, քարակերտ, հազարաշեն հորինվածք է, հայկական ժողովրդական գլխատներին բնորոշ: Հարավային մուտքի բարավորի վրա կա ընդարձակ նվիրատվական արձանագրություն՝ 1293 թ. թվագրությամբ:

Զանգակատուն–կից է գավթի հարավարևմտյան անկյանը: Քառակուսի հատակագծով, կամարակապ, թաղակապ շինությունից մնացել են որմնասյուների ներքին շարվածքները: Արևմտյան պատը ընդհանուր է եղել պարսպի հետ, իսկ հյուսիսայինը՝ գավթի հարավային պատի հետ: Պահպանվել են դրանց որմնասյուներն ու որմնակամարները: Հարավարևմտյան որմնասյան վրա կան արձանագրություններ:
Համալիրի հարավային ծայրին է գտնվում մի մեծ ու ընդարձակ դահլիճ, որի երեք պատերը ընդհանուր են պարսպի հետ: Ենթադրվում է, որ դա վանքի ընդունարան-դահլիճն է եղել:
Պարիսպ – շրջապատում է համալիրը: Կանգուն են պարսպի հյուսիսային և արևմտյան մասերը՝ չորս բուրգերով: Պարսպապատերն ունեցել են երեք մուտք, որոնցից պահպանվել են երկուսը՝ արևմտյանը և հարավարևելյանը:

Հիմնական գրականություն

Ավագյան Ս., Ջանփոլադյան Հռ., Դիվան հայ վիմագրության, պրակ VI, Երևան, 1977:

Սարգսյան Գ., Առաքելոց վանք, «Էջմիածին», Ժ, Երևան, 1955:

Էլլարյան Ի., Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1980: