ՎԱՐՍԵՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՆՑՔԸ

ՎԱՐՍԵՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՆՑՔԸ

ՎԱՐՍԵՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՆՑՔԸ
Գեղարքունիքի մարզ
գ. Վարսեր
պետ. ցուցիչ՝ 4.86.2

 

Վարսեր գյուղը, որպես բնակավայր, առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Մինչև 1947 թ. կոչվում էր Չռչըռ: 1960-ական թվականներին գյուղի հարավ-արևմտյան մասում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական իրերը վկայում են, որ այստեղ դեռևս մ.թ.ա. բնակատեղի է եղել:
Վարսերի հնագույն ջրանցքը սկիզբ է առել Հրազդանի հունից և ձգվել մինչև Գեղամավանից 2 կմ հարավ՝ Բալթիձոր կոչվող հանդամասը: Կառուցվել է X դ. և դադարել է գործել 1550-ական թթ.: Ջրանցքի երկարությունը մոտ 6500 մ էր և ոռոգում էր մոտ 3000 հա տարածք: Տեղ-տեղ մնացել են ջրանցքի հունի հետքերը:
Գյուղի կենտրոնում է գտնվում XIX դ. կառուցված Ս. Ստեփանոս եկեղեցին: Ենթադրվում է, որ եկեղեցու տեղում եղել է վաղ միջնադարյան՝ հավանաբար IX դ. եկեղեցական կառույց, որից պահպանվել է միայն աստիճանավոր պատվանդանը: Եկեղեցու պատերի մեջ ագուցված են XII-XIV դդ. բարձրարժեք արձանագիր խաչքարեր: Եկեղեցուն կից է հին գերեզմանատունը՝ անարձանագիր խաչքարերով և XVI-XVII դդ. օրորոցաձև և հարթ տապանաքարերով:
Գյուղի հարավարևմտյան եզրին գտնվում է Ծաղկավանք կիսավեր եկեղեցին, որի բակում կան բարձրարվեստ արձանագիր խաչքարեր: Խաչքարերից մեկը շրջված վիճակում ագուցված է եկեղեցու հյուսիսային պատին:

Հիմնական գրականություն

Մկրտչյան Մ., Վարսերի հին ջրանցքը, Լրաբեր հաս. գիտ., N 2, 1977:

Հակոբյան Թ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, 1998: