ՎԻՇԱՊԱՔԱՐ

ՎԻՇԱՊԱՔԱՐ

2014-10-27T11:51:45+00:00 27/10/2014|Վայոց Ձորի Հուշարձաններ|

ՎԻՇԱՊԱՔԱՐ

Վայոց ձորի մարզ
ք. Եղեգնաձոր
պետ. ցուցիչ` 9.1.14

Վիշապի պաշտամունքին նվիրված բազմաթիվ քարակոթողներ հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի ավազանի հյուսիսարևելյան մասում, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում: Հայկական լեռնաշխարհի մշակույթին հատուկ այս ինքնատիպ կոթողների թիվը անցնում է 150-ից: Հնագույնները պատկանում են Ք. ա. III-II հազարամյակներին: Ենթադրվում է, որ բազալտի միակտոր քարերից կերտված այս հուշարձանները, որոնք տեղադրվել են բնական և արհեստական ջրանցքների, լճերի, ջրամբարների, աղբյուրների ակունքների մոտ, խորհրդանշել են տարերքի անսանձ ուժերը, բնության զարթոնքը, եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների քարե կուռքեր: Սովորաբար դրանք 150-550 սմ բարձրությամբ, ձկան տեսքով կոթողներ են՝ կենդանիների ու թռչունների, կենաց ծառի քանդակներով և թեմատիկ պատկերաքանդակներով: Վիշապակոթողները դրվել են նաև դամբարանների մեջ և դրանց վրա՝ հավանաբար խորհրդանշելով վերածննդի գաղափարը: Վիշապակոթողների ուսումնասիրությամբ զբաղվել են Ատրպետը, նշանավոր գիտնականներ Ն. Մառը, Ա. Քալանթարը, Գ. Ղափանցյանը: Ըստ Մ. Աբեղյանի՝ վիշապները նվիրվել են հայկական պանթեոնի սիրո, պտղաբերության և ջրերի աստվածուհուն՝ Աստղիկ դիցուհուն: Գ. Ղափանցյանի կարծիքով` դրանք մարմնավորել են հայոց մեռնող և հարություն առնող աստվածությանը՝ Արա Գեղեցիկին:

Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի անվան զբոսայգում կանգնեցված վիշապաքարը, որն ունի 330 սմ բարձրություն, այստեղ է տեղափոխվել Սելիմի քարավանատան մոտից, 1984 թ.: Մոխրագույն բազալտե քարից կերտված կոթողի վրա քանդակված է ցլի գլուխ, իսկ ներքևում 5 սմ լայնությամբ ու 60 սմ երկարությամբ, առվակ հիշեցնող բարձրաքանդակն է:

Հիմնական գրականության

Շահինյան Ա., Վայոց ձորի վիշապ-կոթողները, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, N 1, 1976: