ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ /9.7.1.2./

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ /9.7.1.2./

2018-03-29T16:00:43+00:00 April 13th, 2015|Վայոց Ձոր|

Հայաստանում հյուրընկալության սովորույթը հազարամյակների պատմություն ունի: 354 թ. Աշտիշատի եկեղեցական ժողովում Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ որոշվեց կառուցել նաև օտարանոցներ ճանապարհորդների համար:

Միջնադարյան Հայաստանում քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ ընդարձակվում և բարեկարգվում էին ճանապարհները, իսկ նախատեսված կայանատեղիներում կառուցում իջևանատներ, քարավանատներ, օտարանոցներ, պանդոկներ:

Նմանօրինակ կառույցների համապատկերում իր աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ուներ Սելիմի քարավանատունը (Սուլեմայի քարավանատուն), որը միջնադարյան Հայաստանի այլ հուշարձանների համեմատությամբ թերևս ամենալավ պահպանված կառույցն է: Այն գտնվում է պատմական Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին, Սելիմի (Սուլեմայի,) լեռնանցքի հարավահայաց լանջին, Աղնջաձոր գյուղի տարածքում:

Քաջբերունու բնութագրմամբ` այն հանդիսանում է հզոր և խրոխտ շինություն:

Քարավանատունը բաղկացած է երեք դահլիճներից: Հիմնական մուտքից ներս մտնող դահլիճն ունի 9 մ երկարություն և 5.3 մ լայնություն, 2-րդը` ձախ կողմի բացվածքով մինչև 26 մ երկարությամբ և 13 մ լայնություն, ըստ էության հիմնական դահլիճն, իսկ 3-րդը` առանձին մուտքով կից է առաջին դահլիճի հյուսիսային պատին և ունի 2,4 մ լայնություն ու 3,1 մ երկարություն (հարկ ենք համարում ընդգծել, որ 2012 թ. մասնակի պեղումների ժամանակ հնագետ Արտավազդ Զաքյանի կողմից հայտնաբերվել է այդ դահլիճներին կից պատերի միջև եղած դուռը): Հիմնական մուտքի ճակատաքարի վրա գրված է մի ընդարձակ արձանագրություն, որից պարզ է դառնում, որ հայոց ՉՁԱ (781) թվականին իշխանաց իշխան Չեսար Օրբելյանը և իր կին Խորիշահը իրենց ծնողների և որդիների հոգիների փրկության համար կառուցել են այս ինքնատիպ շինությունը:

Քարավանատան ճակատային մասի ձախ կողմում քանդակված է առյուծ, որի պոչը կապ տված է, մեջքի կողմով թեքված դեպի գլուխը, իսկ աջ կողմում` մի հզոր ցուլ:

Քարավանատունը կառուցված է գորշ, սրբատաշ բազալտով: Պատերի հաստությունը 1,1-1,2 մետր է և չունեն որևէ բացվածք: Ներսի լուսավորությունն ապահովում են միջնակամարի առաստաղի մեջ բացված երեք լայն երդիկ: Մեկ երդիկ էլ կա նախասրահում կամ առաջին դահլիճում:

Քարավանատան առաստաղը բաղկացած է երեք լայնական կամարներից, որոնցից մեջտեղինը բարձր է, մյուս երկուսը` ցածր: Դահլիճի երկու կողմից ձգվում են 8-ական միաչափ հեռավորությամբ կրապատ, քառանկյունի սյուներ: Սյուների արանքում ագուցված են 16 քարե նավակներ` իբրև մսուրք ձիերի համար:

Տանիքը վերևից ծածկված է լայն, սրբատաշ, միմյանց ագուցված սալերով, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը հասնում է 2 մետրի:

«Սելիմի քարավանատունը,- գրում է ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը,- մեզ լրիվ գաղափար է տալիս հատակագծման, արտաքին ու ներքին ճարտարապետության վերաբերյալ»: Նա նաև կարևորում է ավանդական ճարտարապետական մտքի ազդեցությունը շինության վրա:

Այն հիմնովին վերանորոգվել է 1956-59 թթ.: Սակայն այսօր, հատկապես 2012թ մասնակի պեղումներից հետո, խիստ կարիք ունի ամրակայման:

Օգտագործված գրականություն.
1. Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պր. 3, 1967:
2. Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, 2003:
3. Հարությունյան Վ., Միջնադարիան Հայաստանի կամուրջներն ու քարավանատները, Երևան, 1968:
4. Եղիազարյան Հ., Ազիզբեկովի շրջանի պատմության հուշարձանները, 1965: