ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.120

«Թամանյանը խորապես ուսումնասիրեց Հայաստանի դասական ճարտարապետությունը, մեր կոթողների համեստ, պարզ ու մոնումենտալ ձևերը և այդ ամենը ձուլեց իր ստեղծագործական քուրայում և սկսեց կառուցել իր հանճարեղ նախնիների նման ամուր, պարզ ու գեղեցիկ, դառնալով մեր դարաշրջանում ստեղծված, նոր հայկական ճարտարապետության ոճի հիմնադիր և մուծելով իր ավանդը համաշխարհային արվեստի գանձարանը»: Մ. Սարյան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ. Եկատերինոդարում: 1904թ. Ալեքսանդր Թամանյանը ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության բաժինը: Թամանյանի առաջին աշխատանքն է եղել Ս.Պետերբուրգի 18-րդ դարի հայոց եկեղեցու վերակառուցումը: Հայաստանում նրա առաջին գործը հանդիսացել է Երևանի գլխավոր հատակագիծը` նախատեսված 150 հազար բնակչի համար: 1934 թ. Թամանյանը սկսեց նածագծել «Մեծ Երևանի» հատակագիծը` նախատեսված 500 հազար բնակչի համար, սակայն այդ հատակագիծը մնաց անավարտ: Թամանյանը 1925-1933թթ. կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի և այլ քաղաքների նախագծերը: Երևանում նրա նախագծերով են կառուցվել Բժշկական ինստիտուտի անատոմիկումի, աստղադիտարանի, Անասնաբուծական և անասնաբուժական, Փիզիոթերապևտիկ, Պոլիտեխնիկական ինստիտուտների, Հանրային գրադարանի, Երևանի առաջին ՀԷԿ-ի շենքերը և այլ շինություններ:

Ալ. Թամանյանի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1974թ. հունիսի 26-ին ազգային օպերայի և բալետի թատրոնի շենքի հարևանությամբ: Արձանի նյութը բազալտից և գրանիտից է: Բարձրությունը երեք մետր է: Ճարտարապետն է Ս. Պետրոսյանը, քանդակագործը` Արտաշես Հովսեփյանը: Թամանյանի արձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ գրված է` «Նա տեսել է, երևի, արևային մի քաղաք. Ե.Չարենց»: