ԱՂՋՈՑ / ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.99.1./ ԵՎ ԳԼԱՆ / 3.98.7./ ԳՅՈՒՂԱՏԵՂԻՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՂՋՈՑ / ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.99.1./ ԵՎ ԳԼԱՆ / 3.98.7./ ԳՅՈՒՂԱՏԵՂԻՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Աղջոց գյուղատեղին գտնվում է Գառնիից 5-6 կմ հարավ-արևելք, Թառանիստ լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղի ստորոտին, Սևկաջուր գետի բարձրադիր ափին, Հավուց թառի և Գլան գյուղերի միջև, Արարատի մարզի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերում: Որպես գյուղատեղի այն հիշատակվում է X-XVIII դդ. ընթացքում` իր մեջ ներառելով Ս. Ստեփանոս վանական համալիրը /պետ. ցուցիչ` 3.99.1.1./, որն իր մեծությամբ և նշանակությամբ ամենևին չի զիջել Հավուց թառ վանական համալիրին: Ըստ ավանդության` վանական համալիրը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի օրոք, ի հիշատակ Հռիփսիմյաց կույսերին օգնող Ստեփանոս քահանայի: Ղեկավարվելով այս նույն նվիրական զգացողությամբ` Զազա իշխանուհին 1207թ. պատվիրում է կառուցվել Ս. Ստեփանոս եկեղեցին.: Ցավոք, ինչպես շատ նշանավոր հուշակթողներ, այս եկեղեցին ևս ավերվել է 1679թ. զարհուրելի երկրաշարժից: Կառուցված երկրորդ եկեղեցին կոչվում է Պողոս-Պետրոս /պետ. ցուցիչ`3.99.1.1.3./` իր տասնյակից ավելի խաչքարերով և տապանաքարերով: Վանական համալիրի գործունեությանը արդրադարձել է XIII դարի պատմիչ Վարդան Արևելցին իր «Աշխարհացույց» աշխատությունում և «Մեկնություն Դանիելի» հիշատակարանում: Այն հանդիսացել է կրթության և գրչության նշանավոր կենտրոն: Այստեղ են տքնել XV դարի գրիչներ Գալուստ և Վարդան աբեղաները, որոնք հայտնի էին մեծաթիվ ավետարանների ընդօրինակմամբ (1443-1471թթ.): Երկու եկեղեցիների պատերին պահպանվել են յոթ տասնյակից ավել արձանագրություններ:

Խոսրովի անտառում, Միլի գետի ձախակողմյան վտակ Քարահուն գետի հովտում, Բայբուրդ գյուղատեղիից 3 կմ արևմուտք, սփռված է Գլան գյուղատեղին /պետ. ցուցիչ` 3.98.7./: Գյուղատեղին իր մեջ ընդգրկում է Ներքին /պետ. ցուցիչ` 3.98.7.1./ և Վերին /պետ. ցուցիչ` 3.98.7.2./Գլանները, որոնք գտնվում են միմյանցից երկու կիլոմետր հեռավորության վրա: Ցավոք, պատմագրական տեղեկություններ գյուղատեղիի մասին չեն պահպանվել, սակայն, լինելով Աղջոց վանքի կալվածք, ենթադրվում է, որ հիմնադրվել է 1679թ. ավերիչ երկրաշարժից հետո: Երկրաշարժի արդյունքում Աղջոց գյուղատեղին քանդվել է: Բնակչությունը տեղափոխվելով` հիմնադրել է Գլան գյուղատեղին: Մշակութային արժեք են ներկայացնում ինչպես Ներքին, այնպես էլ Վերին Գլան գյուղատեղիների գերեզմանոցները, որտեղ պահպանվել են տարբեր դարաշրջանների պատկանող խաչքարեր և տապանաքարեր: Հատկապես ուշագրավ է Գիլանլարում Զազա իշխանուհու կողմից կանգնեցված խաչքարը, որը նվիրել է իր ամուսնուն` Գրիգոր Խաղբակյան իշխանին` Ջալալեդդինի արշավանքների ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Խաչքարի բարձրությունը 2.85 մ է,իսկ լայնությունը` 1.18 մ: Քիվի վրա գրված է. «ԵՍ ԵՄ ԼՈՒՍ ԱՇԽԱՐՀԻ»: Գրության ներքևում պատկերված են Քրիստոսը, իսկ աջ և ձախ կողմերում` Հովհաննեսը և Մարիամը: Կամարաձև շրջանակի մեջ պատկերված է ձիու վրա նստած Գրիգոր իշխանը` աջ ձեռքին նիզակ: Խաչքարի մյուս կողմում փորագրված է տասնմեկ տողանի արձանագրություն, որտեղ հիշատակվում է Աբել անունը, որն էլ, հավանաբար, խաչքարագործ վարպետն է: Խաչքարն այժմ վերականգնված վիճակում գտնվում է Էջմիածնի Մայր տաճարում:

Օգտագործված գրականություն

1. Խանջյան Ն., «Խոսրովի անտառ» արգելոց, Երևան,2009:

2. Հակոբյան. Ս., Արարատի մարզ, Երևան, 2010:

3. Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, 1984: