«Պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Գյուղատեղի Բայբուրդ (Խոսրովի պետական անտառ արգելոց) տանող ճանապարհին տեղադրել են ուղղորդող վահանակ:
Վաղ միջնադարյան բնակատեղիի հետքերը պահպանվել են Խոսրովի արգելոցում, Միլի գետի Աղջո ու Գլան վտակների միախառնման տեղում։
Գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել է սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, V դ. միանավ բազիլիկ եկեղեցին, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ուղղանկյուն ծավալից:
Ուշագրավ են կիսավեր եկեղեցու քանդակազարդ խոյակները և որմնակամարը՝ կենտրոնական մասում հավասարաթև խաչաքանդակով: Հարավային կողմից կից է գավիթը, որն այժմ ավերակ է:
Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության, գյուղատեղին գոյատևել է մինչև XVII դ. և հայաթափվել 1604 թ.՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ:
Եկեղեցու շուրջը տարածված է գերեզմանոցը, որտեղ կան VII-XV դդ. տասնյակ խաչքարեր: 1980-ական թթ. կատարված մաքրման աշխատանքների ժամանակ այստեղ հայտնաբերվել է հունարեն, շրջված տառերով արձանագրությամբ մի քար, որի հայերեն թարգմանությունն է «Առողջություն» և «Երանություն»: