ԱՄՐՈՑ ՍԱՆԳԱՐ

ԱՄՐՈՑ ՍԱՆԳԱՐ

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, պետ. ցուցիչ` 4.60.1

Սանգար ամրոցը համարվում է Սևանի ավազանի ամենախոշոր ամրոցներից մեկը, որը գտնվում է Ձորագյուղից մոտ 1,7 կմ դեպի արևմուտք: Այն կառուցվել է Ք.ա. II-I հազարամյակներում` խոր կիրճի հյուսիսային, համարյա ուղղաձիգ ու ժայռապատ լանջերով սարահարթի վրա: Սարահարթը, որի վրա գտնվում են ամրոցի ավերակները, շրջապատի ձորերի հատակից բարձր է 300-500 մետր: Ամրոցն ունեցել է տարբեր մեծության 16 աշտարակներ, որոնք հիմնականում նայում են դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք, այսինքն` այն ուղղությամբ, որտեղից ամրոցին մոտենալն ավելի դյուրին է եղել: Աշտարակները միմյանցից համարյա հավասար հեռավորության վրա են դասավորված: Հզոր պարիսպները փաստացի անհնարին են դարձրել ամրոցի գրավումը: Պարիսպների կառուցվածքը խիստ տարբերվում է այլ կիկլոպյան ամրոցների պարիսպների հիմնական տիպի կառուցվածքներից: Այստեղ արտաքին պարիսպը ամենուրեք ունի 5-6 մետր լայնություն, շարված է խոշոր բազալտ քարի ժայռաբեկորներից, առանց միացնող շաղախի: Պարիսպը շարվել է ոչ թե երկշար, այլ եռաշար խոշոր քարերից և ապա այդ շարքերի միջև եղած ազատ տարածությունները լցվել են փոքր քարով ու խճով: Այդ կարգի կառուցվածքը պարիսպն ավելի ամուր է դարձնում: Պարիսպներից ու աշտարակներից թափված մեծաքանակ քարերը վկայում են այն մասին, որ դրանք եղել են շատ բարձր: Ամրոցի միջնապարիսպը նրան բաժանել է երկու ոչ հավասար մասերի: Դրանցից փոքրը` ձորաբերանի մասը, հանդիսացել է միջնաբերդը: Ամրոցի մուտքը գտնվում է նրա հյուսիս-արևմտյան պարսպամասում, 5 մետր լայնությամբ:

Ամրոցի ներսում կան բազմաթիվ բնակարանների ավերակների հետքեր և այն առավելապես նկատելի է միջնաբերդում:

Ամրոցից մոտ 150-200 մետր հեռավորության վրա, դեպի հյուսիս, գտնվում է Ք.ա. II-I հազարամյակների դամբարանադաշտը /պետ. ցուցիչ` 4.60.1.1/, որտեղ առկա են 10-12 մետր տրամագծով կրոմլեխներ:

Ամրոցից հարավ գտնվում է «Զաղա» քարայր-կացարանների համալիրը /պետ. ցուցիչ` 4.60.1.2/: Կացարաններից երկուսը, որոնք ամենամեծերն են, ունեցել են նաև ստորգետնյա ելք դեպի ամրոց, որոնցից մեկը պահպանվում է առ այսօր:

Հուշարձանի պահպանության նպատակով սահմանված գոտին զբաղեցնում է 39.8 հա տարածք:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր
1. Գ.Հ. Միքայելյան, «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ
3. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմած և ՀՀ մշակույթի նախարարի կողմից 2012 թ. հունիսի 12-ին հաստատված` հուշարձանի պահպանական գոտու նախագիծ: