ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ՓԱՌԿՈՒՆՔ» / «ՎԵՐԻՆ ՔՅՈԼԱՂՌԱՆ» , «ՀԻՆ ԿԱՐՄՐԱՇԵՆ» /

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ՓԱՌԿՈՒՆՔ» / «ՎԵՐԻՆ ՔՅՈԼԱՂՌԱՆ» , «ՀԻՆ ԿԱՐՄՐԱՇԵՆ» /

Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովինար, պետ. ցուցիչ` 4.52.11

Փառկունք գյուղատեղին հիմնվել է IX դարում, գտնվում է Ծովինար գյուղից 8 կմ հարավ, մի սարահարթի վրա և բնակելի է եղել մինչև 1949թ.: Գյուղը եղել է մելիքանիստ: XIV դարի վերջերից այստեղ են նստել Գեղարքունի գավառի մելիքական տոհմերից Աղբուղայանները կամ Պուղիկյանները, որոնց տոհմի մի քանի սերնդի գերեզմանները գտնվում են գյուղում: Բազմաթիվ աղբյուրների հետազոտությունից պարզ է դառնում, որ վերոհիշյալ տոհմի ամենանշանավոր մելիքը եղել է Թանկրիղուլին, ով 1513 թ. Գեղարքունիքի տանուտերերի և մելիքների հետ ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն Գեղարքունի գավառը պետք է ընդգրկվեր Տաթևի վանքի թեմում: Թանկրիղուլու անունը նաև պահպանվել է 1532 թ. Տաթևի վանքում ստորագրված մի արձանագրության մեջ: Այդ արձանագրության մեջ, ստորագրողների անվան դիմաց գրվել է նաև նրանց գյուղի անունը և Թանկրիղուլու անվան դիմաց պահպանվել է Փառկունք տեղանվանումը:

Վայոց Ձորի Արատեսի վանքի պատին գրված մի արձանագրության մեջ հետաքրքիր տեղեկություններ են պահպանվել Փառկունք գյուղի մասին, ըստ որի պատմագիր Ստ. Օրբելյանը այդ վանքին է նվիրում Գեղարքունիքի իր սեփական ունեցվածքից ութ գյուղեր, որոնց մեջ է նաև Փառկունքը:

Գյուղն ունեցել է երկու եկեղեցի: Եկեղեցիներից մեկը XIII դարի կառույց է և անվանվել է Ս. Պողոս Պետրոս /պետ, ցուցիչ` 4.52.11.1/, այնտեղ կան XVI – XVII դարի խաչքարեր: Եկեղեցին այժմ ավերված է: Երկրորդը` վերանորոգել են XIX դարում ալաշկերտցի գաղթականնեը, այժմ գտնվում է կիսաքանդ վիճակում /պետ. ցուցիչ` 4.52.11.2/: Եկեղեցուն կից եղել է ավելի հին ժամանակներով թվագրվող մատուռ, որը վերանորոգման ժամանակ հարմարեցվել է որպես խորան և եկեղեցուց մուտք է բացվել նրա մեջ:

Գյուղատեղիում են գտնվում նաև IX-XX, IX-XVII և XV-XVI դարերի գերեզմանոցներ /պետ. ցուցիչ` 4.52.11.3, 4.52.11.4, 4.52.11.5/:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր
1. Ս. Գ. Բարխուդարյան, « Դիվան հայ վիմագրության», Երևան, 1973թ.
2. Սամվել Հակոբյան, «Գեղարքունիքի մարզ, պատմական հանրագիտարան», Երևան, 2010թ.
3. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: