Գեղարքունիքի մարզ, գյուղ Վաղաշեն, (պետ.ցուցիչներ` 4.82.1, 4.82.2): Վաղաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, Վարդենիս լեռնաշղթայի հյուսիսային լանջին են գտնվել «Ալոյի կող», «Քրդի կող» ամրոցները: Ամրոցներն իրարից հեռու են մոտ կես կիլոմետր և համարվում են համաժամանակյա կառույց:
Քրդի կող ամրոցը /պետ.ցուցիչ` 4.82.2/, հիմնադրվել է մ.թ.ա. I հազարամյակում: Այն նման է փակված պայտի, զբաղեցրել է շուրջ կես հեկտար տարածություն, պարիսպները շարվել են անտաշ ու անշաղախ խոշոր բազալտ քարերով և ունեն չորս մետր լայնություն:
Ամրոցի հինգ քարաբուրգերից երկուսը կառուցված են մուտքի աջ և ձախ կողմերում, մյուս երկուսը` հարավ- արևմտյան և հյուսիս- արևմտյան անկյուններում, իսկ հինգերորդը, որը օգտագործվել է նաև որպես պարիսպ, կանգնած է հյուսիս-արևելյան ժայռաբլրակի վրա: Ամրոցի հարավային մասում է գտնվել մ.թ.ա. I հազարամյակի դամբարանադաշտը /պետ.ցուցիչ` 4.82.2.1/:
Ալոյի կող ամրոցը /պետ.ցուցիչ` 4.82.1/ հիմնադրվել է մ.թ.ա. II-I հազարամյակում: Այն գրավել է ավելի մեծ տարածություն քան Քրդի կող ամրոցը. մոտ մեկ հեկտար: Միջնապարիսպը ամրոցը բաժանել է երկու հավասար մասերի` արևելյան և արևմտյան: Մուտքը գտնվել է արևմտյան մասում, որի երկու կողմերում նկատելի են քարաբուրգերի մնացորդներ:
Ամրոցում և նրանից դուրս պահպանվել են բազմաթիվ կացարանների ավերակներ, իսկ դեպի հարավ` վարելահողերում առկա քարակույտերը վկայում են, որ այստեղ ևս եղել է մ.թ.ա. II-I հազարամյակի դամբարանադաշտ /պետ. ցուցիչ` 4.82.1.1/: Ամրոցները զրկված են եղել մշտական ջրից:
Հիմք ընդունելով ամրոցների վերաբերյալ պահպանված փաստերը, հաստատապես կարող ենք պնդել, որ դրանք, լինելով տեղական նշանակության կառույցներ, հաջողությամբ իրականացրել են իրենց վերապահված պաշտպանական գործառույթները:
Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1. Միքայելյան Գ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.,
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: