«Աստղի բլուր» ամրոցը գտնվում է Ենոքավան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, մի բարձունքի վրա` զբաղեցնելով շուրջ 2 հեկտար տարածություն: Լեռնապարի արևմտյան ընդհատվող հատվածում էլ կառուցված է «Աստղի բլուր» ամրոցը` շրջապատված կրկնակի և եռակի շարված պարսպապատերով:
Ամրոցը մոտ երկու կիլոմետրի հասնող ստորգետնյա ուղիով միանում է Թալա գետին: Գետի հետ կապող թունելի մուտքն ավերված է:
1965-1966 թվականների ընթացքում Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստեփան Եսայանի ղեկավարությամբ կազմակերպված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ամրոցի տաճարը (վանքը): Այստեղ, համաձայն ուսումնասիրողների, բացվեց ինչպես Անդրկովկասի, այնպես էլ ողջ Մերձավոր Արևելքի ամենահետաքրքիր տաճարներից մեկի կավե մանրակերտը: Դամբարանադաշտի (մ.թ.ա. IX-V դարեր) պեղումների ընթացքում հայտնաբերվեցին բրոնզե գոտիներ, երկաթե զենքեր, դանակներ, բազմաթիվ կավե ամաններ, կենցաղային մի շարք իրեր: Հատկապես մեծ հետաքրքրություն էր ներկայացնում լավ պահպանված բրոնզե կոփված թիթեղից պատրաստված ամբողջական գոտին: Եզրերը ներսից նախշազարդված էին, իսկ արտաքինից փորագրված էին որսի տեսարաններ, որտեղ պատկերված էին ձիավոր նետաձիգներ, կառք և եղջերու: Պատկերները հիմնականում կրկնվում էին և միայն մի հատվածում էր, որ նետը մխրճված էր եղջերուի թիկունքը: Որսի տեսարանը ուներ արևի և պտղաբերության հետ կապված ծիսական բնույթ: Ամբողջ տեսարանը շրջափակված էր «վազող զսպանակի» կրկնակի զարդագծով, որը խորհրդանշում է երկնակամարում արևի շարժման անընդհատությունը:
Այդ հազվագյուտ գոտին և գտնված այլ առարկաներ այժմ Հայաստանի պատմության պետական թանգարանում են:
Օգտագործված գրականություն
1. Էլլարյան Ի., Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, 1980 թ.