«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը, «Քառաչափ հայացք» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, Լեռնապատ գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպել էր բաց դաս` միտված հուշարձանների հանրահռչակմանն ու պատմամշակութային ժառանգության հանդեպ երիտասարդության շրջանում հարգանք, հոգատարություն արմատավորելուն:
ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը ներկայացրել է մարզի հուշարձանները, խոսել` պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտի օրենսդրության կարևոր դրույթների մասին:
Բաց դասն ուղեկցվել է մարզի առավել հայտնի` Սուրբ Գրիգոր վանական համալիրի, Քառասնից Մանկանց եկեղեցու, Ամենափրկիչ խաչքարի, Քառակող կոթողի և այլ հուշարձանների լուսանկարների ցուցադրությամբ: Մարզային ծառայության գիտաշխատող Հրաչ Մարուքյանը խոսել է վերոնշյալ հուշարձանների ու դրանց առնչվող ավանդազրույցների մասին:
Մարզային ծառայության պատասխանատուներն սպառիչ պատասխաններ են տվել դպրոցականների հարցերին, առավել ակտիվներին նվիրել են ՊՈԱԿ-ի հրատարակած գրքերից ու բուկլետներից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում էքսկուրսիաներ կազմակերպել ու բաց դասեր անցկացնել նաև հուշարձանների տարածքներում: