«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանները, սահմանված ժամանակացույցի համաձայն, շրջայցեր են կատարել ձյան ծածկույթից ազատված հուշարձանների տարածքներ: Նրանք արձանագրել են փլուզման և իրավախախտման մեկական դեպք:
Մասնավորապես` ձնհալից հետո առաջացած խոնավության հետևանքով Նաիրիի տարածաշրջանի Զորավան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (միայն հիմնապատերն են մնացել) 2-2,5 մ բարձրություն ունեցող արևմտյան պատի կենտրոնական հատվածը փլուզվել էր` 1,5 x 2,5 քառակուսի մետրի չափով, վտանգված է նաև հիմնապատի հարավային մասը:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին /պետ. ցուցիչ` 6.31.5/ թվագրվում է 19-րդ դարով, տեղական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:
Իրավախախտում է արձանագրվել մարզի Ակունք համայնքում գտնվող Գերեզմանոցի /պետ. ցուցիչ` 6.9.5 / հյուսիսային մասում: Տեխնիկայի շարժը ապահովելու նպատակով տեղաշարժվել են սալաքարերը, անմշակ քարերն ու տուֆից պատրաստված տապանաքարը: Մշակութային շերտը վնասված չէ, քարերն անկանոն ձևովով ընկած են հողին:
Տեղազննությամբ պարզվել է, որ 13-16-րդ դարերով թվագրվող գերեզմանոցի հյուսիսային հատվածով և սելավատարի եզրով գազատարի նոր գիծ է անցկացվել (գետնից մոտ 3մ բարձրությամբ):
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը իրավախախտման մասին ծանուցել է Ակունք համայնքի ղեկավարին և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Աբովյանի մասնաճյուղի տնօրենությանը: