ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2018-03-29T15:53:45+00:00 14/04/2017|Արարատ, Լրահոս|

Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ, ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ բաց դաս է անցկացվել մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների համար, որին ներկա են եղել նաև կրթօջախի տնօրենն ու փոխտնօրենը։ Պատմամշակութային հուշարձանների պահպանությանը նվիրված դասն սկսել է մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը: Նա ներկայացրել է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների առանձնահատկություններն, ավելի մանրամասն խոսել հատկապես Արարատի մարզի հուշարձանների մասին։

Ապա` մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը հանդես է եկել Գլաձորի համալսարանի մասին դասախոսությամբ, որի ընթացքում խոսել է երբեմնի կրթական կենտրոնի ուսումնական հաստատությունների մասին, որոնց գործունեությունը խոր հետք է թողել մեր գիտամշակութային կյանքում։ Բարձր գնահատելով համալսարանների ուսումնական ծրագրերում ընդգրկված առարկաների կարևորությունը՝ անդրադարձ է կատարել գրչության արվեստին, քանի որ միջնադարում այն եղել է գիտելիքների փոխանցման կարևորագույն միջոց:

Բաց դասի ընթացքում ցուցադրվել է ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Գլաձորի համալսարան» ֆիլմը։ Դասի ավարտին մարզային ծառայության աշխատակիցները ներակայացրել են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհուրդը: Դպրոցի տնօրենն իր խոսքում կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որը մեծապես նպաստում է մատաղ սերնդի կրթամշակութային դաստիարակությանը։