ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր  մեկնարկել է  «Մեծամորյան ընթերցումներ I» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված  Հին  Մերձավոր Արևելքի  բրոնզի-երկաթի պարբերաշրջանների ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից  մեկի՝ Մեծամորի 2016 թ. դաշտային հետազոտությունների  և պեղումների  արդյունքներին:

«Գիտաժողովը միջազգային գործընկեր կառույցների հետ տարիների արդյունավետ համագործակցության արդյունքն է: Այն համախմբել է  արտերկրի` Լեհաստանի, Իտալիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Հունգարիայի,Վրաստանի ու Հայաստանի երեք տասնյակից ավել գիտնականների:  Հուսով եմ, որ այս դահլիճում կհնչեն մասնագիտական հետաքրքիր կարծիքներ, տեսակետներ,  որոնք  մեկ անգամ ևս  կարժևորեն Մեծամորի  հնավայրի գիտական նշանակությունը», -ողջունելով մասնակիցներին ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Նրա  փոխանցմամբ  նոր որակ է ստանում հայ-լեհական համագործակցությունը: Լեհերի ջանքներով  հնագիտական աշխատանքներն ամփոփող ժամանակավոր  ցուցադրությունը դրա լավագույն վկայությունն է:

Հայ-լեհական արդյունավետ գործակցության ու գիտական ոլորտի ձեռքբերումների մասին է խոսել նաև արշավախմբի համաղեկավար  Քշիշտոֆ  Յակուբյակը: Նրա փոխանցմամբ  գիտաժողովը կարևոր հարթակ է կատարված գիտական աշխատանքներն ամփոփելու և, որ շատ էական  է, տարբեր երկրների գործընկերների հետ շփման նոր երզրեր գտնելու համար:

«Վեց տարեկան դուստրս  ևս «մասնակցում» է պեղումներին: Մարիան պեղավայրից  բացի  եղել  է  նաև  հետաքրքիր  մի շարք այլ վայրերում ու տպավորվել  Հայաստանի գեղեցկությամբ: Նա խոստանում է հաջորդ տարի գալ ձեր երկիր», -իր խոսքում ասել է Ք. Յակուբյակը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել ու  հաջող աշխատանքային ընթացք է մաղթել  ՌԴ կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի անկախ գնահատողների  ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը: Նա ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ  Փիլիպոսյանին  հանձնել է Բեռլինի Էվանի անվան ակադեմիայի, իսկ ՊՈԱԿ-ի  տնօրենի` ֆոնդային աշխատանքների գծով տեղակալ Լիաննա Գևորգյանին` ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմներ: