ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԱՄԲԵՐԴ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԱՄԲԵՐԴ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

2018-03-29T15:53:11+00:00 11/10/2017|Արագածոտն, Լրահոս|

Հայաստանի Հանրապետության կառավարության ս.թ. մայիսի 18-ի թիվ 541-Ն որոշմամբ ստեղծվել են  Արագածոտնի մարզի Անտառուտ և Օրգով համայնքներում գտնվող «Ամբերդ ամրոց» և Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող «Բերդ» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները և որպես մասնաճյուղեր ընդգրկվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  կազմում:

Մշակութային ժառանգության պահպանությունը  և,  մասնավորապես, Ամբերդի  հեռանկարային զարգացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Վերջերս Ամբերդ էր այցելել Հանրապետության Նախագահը: Ամբերդ ամրոցի վերականգնման ծրագիրը կսկսվի 2018 թ., իսկ մինչ այդ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ, վեր են հանվում առկա խնդիրները, մշակվում` լուծման մեխանիզմները:

Հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանը միտված միջոցառումներն, այդ թվում նաև սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքների իրականացումը մշտական բնույթ են կրում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների (Երևանի, Արագածոտնի ու Շիրակի մարզային ծառայությունների)  70-ից ավելի  աշխատակիցներ  Ամբերդում էին: Նրանք մաքրման աշխատանքներ են իրականացրել ամրոց-բերդաքաղաքն ընդգրկող պատմաճարտարապետական հուշարձանների` ամրոցի պարիսպների, բաղնիքի, մատուռի, բնակելի շինությունների, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու հարակից տարածքներում: Հատուկ նյութերի միջոցով մաքրվել են նաև հուշարձանների  քարերին արված «գրառումները»:

«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը պետք է յուրաքանչյուրիս մտահոգի: Հուսով եմ, որ առաջիկայում մեզ կմիանան նաև հասարակական կազմակերպություններ, շարքային քաղաքացիներ: Նախատեսում ենք նաև բարեկարգման աշխատանքներ իրականացնել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի  և  մի շարք այլ  հուշարձանների տարածքներում», -նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Ի դեպ` նախատեսվում է նմանօրինակ միջոցառում իրականացնել նաև արցախցի գործընկերների հետ`Արցախի հանրապետության հուշարձանների տարածքներում: