«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տևական ժամանակ է բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Նպատակը արգելոց-թանգարանի տարածքն ավելի ներկայանալի դարձնելն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ փոխվել է սալահատակը, որը դարձել է հարմարավետ նաև սայլակավոր հաշմանդամների համար, անցկացվել է ջրագիծ: Աշխատանքները շուտով կավարտվեն ու «Գառնին» այցելուներին կներկայանա առավել գեղեցիկ ու հրապուրիչ:
«Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տեղակալներ Կարեն Փահլևանյանը և Սյուզաննա Սարգսյանը հերթական անգամ Գառնիում էին` տեղում ծանոթանալու աշխատանքների ներկա վիճակին:
Արգելոց-թանգարանի այցելուների համար հետաքրքիր նորամուծություն կա: Հենց մուտքի մոտ տեղադրվել է 2,75 մ երկարությամբ և 1,4մ լայնությամբ ցուցավահանակ (պատրաստվել է GMS կազմակերպության կողմից):
Ցուցավահանակի վերևի մասում տեղադրված էկրանին շուրջ վեց րոպե տևողությամբ տեսահոլովակը, ազգային երաժշտության հնչյունների ներքո, այցելուներին ներկայացնում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ մյուս արգելոց-թանգարանները: Ցուցավահանակի էկրանից ներքև գտնվող հատուկ գրպանիկներում տեղադրված են Հայաստանի 24 թանգարանների, արգելոցների ու արգելոց-թանգարանների` «Զվարթնոց»-ի, «Ամբերդ»-ի, Կոմիտասի թանգարան ինստիտուտի, Արամ Խաչատրյանի տուն թանգարանի և մյուսների մասին պատմող ծալաթերթիկներ (ֆլայերներ): Գառնի հեթանոսական տաճարի մասին հիշողություններից բացի այցելուներն իրենց հետ կտանեն նաև մեր պատմամշակութային այլ օջախների վերաբերյալ տեղեկույթ: Նախաձեռնության նպատակը զբոսաշրջիկին մի թանգարանի միջոցով դեպի մյուս թանգարաններ ուղղորդելն է` ապահովելով մեր երկրի մշակույթի ու պատմության մասին հետաքրքիր տպավորություններ:
Նորամուծությունը չվիրպեց օտարերկրացի զբոսաշրջիկների աչքից: Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից ու Չինաստանից առաջին անգամ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հետաքրքրվեցին ցուցավահանակում ներկայացված թանգարաններով, ապա, իրենց հետ վերցնելով մի քանիսի մասին պատմող ծալաթերթերը, խոստացան այցելել նաև այլ թանգարաններ: Նրանք կիսվեցին Գառնիի մասին իրենց տպավորություններով` ասելով, որ հիացած են հեթանոսական տաճարի ճարտարապետական շքեղությամբ: