Դիլիջանում բացվել է «Քաղաքային կենցաղը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին կեսին» ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցասրահում ներկայացված է 150-ից ավելի ցուցանմուշ՝ դիլիջանյան կենցաղին բնորոշ հյուրասենյակի կահավորանք, կենցաղում օգտագործվող խոհանոցային առարկաներ եւ այլն։ Ընդհանուր առմամբ, այն ամբողջն ինչ բնորոշ է եղել այդ ժամանակաշրջանի կենցաղին:
«Նախատեսում ենք սկսել ցուցադրությունների շարք՝ ներկայացնելով ոչ միայն կենցաղն, այլեւ՝ մշակույթն ավելի ընդգրկուն, մասնավորապես նաեւ գեղանկարչությունը», -ցուցասրահի բացման ժամանակ իր խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի խոսքով, քաղաքը հարուստ մշակութային ավանդույթներ ունի եւ այս ցուցադրությունն էլ ներկայացնում է նախորդ դարի կենղացի բնորոշ պատկերը: Նրա համոզմամբ, այս նախաձեռնությունը եւս կնպաստի տուրիզմի զարգացմանը, քանի որ Դիլիջան եկած յուրաքանչյուր զբոսաշրջիկ հետաքրքրությամբ կծանոթանա տեղի մշակույթին: