«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են 2019 թ․ առաջին կիսամյակը: Մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները ներկայացրել են կատարած աշխատանքները, մարզերում հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրները:
2019թ․-ի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 19 իրավախախտում՝ գանձախուզություն, անօրինական թաղումներ, ինքնակամ շինություններ, հողաքանդման աշխատանքներ, վանդալիզմ։ Դրանից 5-ը` Սյունիքի մարզում է արձանագրվել: Մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները իրավախախտումների դեպքերը բացահայտելու նկատառումով սերտորեն համագործակցել են իրավապահների հետ։
Խնդրահարույց ու կարևոր հարցերի շարքում՝ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտություններն են: Հաշվետվությունների երեք օրերին ընթացքում այդ մասին խոսել են մ/ծ պատասխանատուները:
ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժինը, տնօրենի տեղակալ Կ. Փահլևանյանի, գիտնական քարտուղար Ա. Փիլիպոսյանի հետ միասին մշտադիտարկում է իրականցրել Լոռու և Գեղարքունիքի մարզերի առավել վտանգված թվով 83 հուշարձանների տարածքներում: «Խաչքարերին նոր կյանք» ծրագրով այս տարի մարզերում շուրջ 30 խաչքար է ամրակայվել ու կանգնեցվել: Մարզային ծառայությունների պատասխանատուները խոստացան՝ մինչև հաջորդ հաշվետվություն այդ թիվը զգալի կավելանա:
Հուշարձանների պահապանների աշխատանքը բարդ է հատկապես բարձրադիր լեռնային ու սահմանամերձ շրջաններում: Տավուշի ու Արարատի մարզային ծառայության պետերը խոսել են շրջայցերի ընթացքում հանդիպող դժվարությունների մասին: Արարատի մ/ծ պետ Ռոման Կարապետյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շոգ եղանակին վտանգավոր է որոշ տարածքներ գնալը՝ շատ օձեր կան: Նրա խոսքով անցանկալի հետևանքներից զերծ մնալու համար երկարաճիտ կոշիկներ են անհրաժեշտ:
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի վարիչն էլ անդրադարձել է անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանի մասին: Այն պահպանության խնդիր ունի՝ քարեր են թափվում: Գոշավանքը տոմսային տնտեսություն չունի, օրվա ընթացքում շուրջ 200-250 այցելու է ունենում, որոնց համար արգելոցի վարիչը էքսկուրսիա է անցկացնում:
Հաշվետվությունը ընդունող հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում զարգացման հեռանկարային ծրագիր ներկայացնել: Նույն հանձնարարականը տրվել է նաև «Բերդ» պատմամշակութային արգելոցի վարիչ Արթուր Երկանյանին: Վերջինս իր հաշվետության ընթացքում ներկայացնելով արգելոցի խնդիրներն առանձնացրել է ցուցավահանակների բացակայությունը: Արթուր Երկանյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հիմնական ուշադրությունը դարձվել է «Տավուշի բերդ /Ցլիկ Ամրամի ամրոց/-ին:
Հաշվետությամբ են հանդես եկել նաև Վայոց ձորի մարզային ծառայությունը, «Արփի» բնապատմական արգելոցի ու «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոցների վարիչները: Վայոց ձորում տարեսկզբին իրավախախտում էր արձանագրվել՝ տապանաքար էին շրջել: Ներկայացվել են կատարված աշխատանքներն ու խոսել՝ առաջիկա ամիսներին «Գլաձոր»-ի նոր ցուցադրության կազմակերպման մասին /ներկայիս ցուցադրությունը 33 տարվա վաղեմություն ունի/: Սեպտեմբերի սկզբին Վայոց ձորում մեծ գիտաժողով է նախատեսվում, կնշվի նաև՝ Գլաձորի հիմնադրման 735 ամյակը: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հորդորել է աշխատանքները կազմակերպել արդյունավետ:
Գանձագողության ու գանձախուզության դեպքեր են արձանագրվել նաև Սյունիքի մարզում: «Խաչքարերին նոր կյանք» ծրագրով կանգնեցված խաչքարերի, իրավախախախտումների ու խնդիրների մասին է խոսել մարզային ծառայության պետ Արամ Դավթյանը:
ՊՈԱԿ- մասնաճյուղ՝ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում առաջիկա ամսում կվերսկսվեն պեղումները: Մասնաճյուղի վարիչը նշել է՝ հուշարձանը «ոչնչացնելու» մասին ոչ մասնագետների անհիմն հայտարարությունները չեն ուշանա: Իսկ արշավախումբը կշարունակի նախորդ տարի կիսատ թողած աշխատանքը և ամեն ինչ կարվի պեղումների բնականոն ընթացքն ապահովվելու համար: Աշոտ Ավագյանը նաև դեպի արգելոց տանող ճանապարհի, աշխատանքային պայմանների բարելավմանը, արգելոցի տարածքում գտնվող անօրինական տաղավարի ապամոնտաժման անհրաժեշտությանն է անդրադարձել:
Հաշվետվություններով հանդես են եկել ու աշխատանքային խնդիրներին անդրադարձել ՊՄՊ Երևանի, Կոտայքի ու Արմավիրի մարզային ծառայությունները: Լոռու մարզային ծառայության պետն էլ իր հաշվետվությունը ներկայացրել է սլայդ շոուի միջոցով՝ խոսել առավել վտանգված հուշարձանների մասին: Մարզի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը՝ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն է: Տոմսային տնտեսություն չկա: ՊՈԱԿ-ի տնօրինությունը ենթակառուցվածքների զարգացման ծրագիր ունի: Արգելոցի վարիչ Կիմիկ Սերոբյանը անդրադարձել է աշխատանքային պայմանների բարելավմանը՝ հրատապ համարելով հուշարձանի տարածքի ցանկապատումը:
Անցյալ տարվա հունիսին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Բջնի ամրոց» արգելոցը, որը գիտական ու ֆինանսական մեծ հնարավորություններ ունի: Աշխատանքի ողջ բեռը ծանրացած է արգելոցի վարիչի ուսերին: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի խոսքով պետք է ճիշտ օգտագործել «Բջնի ամրոց» արգելոցի հնարավորությունները: Այստեղ ևս առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է տոմսային տնտեսություն ներդնել:
Արագածոտնի մարզում գտնվող «Ամբերդ ամրոց»-ի վարիչ՝ Խաչիկ սարկավագ Վարդանյանն էլ խոսել է անվտանգության կանոնները խախտող ու հուշարձանի վրա բարձրացող զբոսաշրջիկների մասին:
««Էքստրիմ»-ի սիրահար տուրիստները հաճախ ամենաբարձր տեղը, որտեղ եռագույնն է ծածանվում հասնում են հենց ուղեկցող տուրօպերատորների «խորհրդով», ինչը շատ վտանգավոր է: Չեն օգնում նույնիսկ տեղադրված ցուցանակները, մեր բանավոր հորդորները: Հնարավոր անցանկալի դեպքերից խուսափելու համար, պետք է լուծում գտնել». – իր խոսքում ասել է Խ. Վարդանյանը:
Շիրակի մարզի 1200 հուշարձանների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված անճշտությունների մասին է խոսել մարզային ծառայության պետը Վալերիկ Նազարեթյանը: Այս տարվա 6 ամիսների ընթացքում մարզում երկու խաչքար արդեն կանգնեցվել ու ամրակայվել է: Մ/ծ աշխատակիցները մինչև տարվա վերջ ևս 5-ը կկանգնեցնեն:
Հաշվետվությամբ են հանդես եկել նաև Գեղարքունիքի մարզային ծառայության պետը, «Զվարթնոց» ու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների վարիչները: Վերջիններս խոսել են տեղեկատվական նոր վահանակների տեղադրման մասին, այցելությունների աճի մասին:
2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները ներկայացրել են նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի բաժինները:
Ամփոփելով հաշվետվությունը ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, հաշվետվությունները ընդունող հանձնաժողովի նախագահ Կարեն Փահլևանյանն ասել է, որ անակնակալ շրջայցեր են լինելու մարզեր՝ տեղում պահապանների աշխատանքներին հետևելու համար:
«Եթե պարզվի, որ սահմանված շրջայցի գրաֆիկի օրը պահապանը հուշարձանի տարածք չի այցելել, ապա խիստ վերաբերմունք կլինի», -եզրափակել է իր խոսքը Կ. Փահլևանյանը:
Մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների վարիչներին հանձնարականները կտրվեն գրավոր: