ԼԵՀ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ

ԼԵՀ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ

Լեհաստանի Վրոցլավ քաղաքից ժամանած ճարտարապետները Հայաստան այցի և ապագայում իրականացվելիք  ծրագրերի  մասին  խոսել  են  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի  և  սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում։ Նրանք  ներկայացրել են Սուդանում , Եգիպտոսում,  Լեհաստանում  և  այլ երկրներում  իրենց  խմբի  իրականացրած աշխատանքները՝  հուշարձանի հետազոտություն, քարտեզագրում,  եռաչափ  մոդելավորման  տարբերակով հուշարձանի վերականգնում։

Վրոցլավի  Գիտության և  Տեխնոլոգիայի Համալսարանի արվեստի, ճարտարապետության, տեխնոլոգիայի ֆակուլտեի փոխտնօրեն, պրոֆեսոր Յասեկ Կոսչյուկի փոխանցմամբ  նախատեսվում  է գործակցությունը  զարգացնել  նաև կադրերի վերապատրաստման ուղղությամբ։

Նարինե  Խաչատուրյանը ողջունելով  լեհ  գործընկերների նախաձեռնությունը մաղթել  է նրանց արդյունավետ աշխատանք։ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի  և  սպորտի նախարարի  տեղակալը  խոսել  է  նաև հայկական ճարտարապետության գոհարների մասին, նշելով, որ պետության պահպանության տակ է գտնվում  շուրջ  20․ 000 հուշարձան  և  շատ կարևոր է դրանց անխաթար պահպանությունը,  նաև՝ ամրակայումը  և  վերականգնումը։

Ն․ Խաչատուրյանի  հետ  հանդիպումից  հետո  լեհ  ճարտարապետները    <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ  /համագործակցության  ծրագիրը  կիրականացվի ՊՈԱԿ-ի  հետ/   այցելել են Վայոց ձորի մարզի հուշարձանների տարածքներ։

Նրանք  եղել են Արենի-1 քարանձավում,  որտեղ մի քանի տարի առաջ պեղումների արդյունքում  հայտնաբերվել էր աշխարհի ամենահին՝  շուրջ  5000 տարվա հնության կոշիկը,  ապա  նաև՝  Գնդեվազի  սուրբ  Աստվածածին  եկեղեցու  տարածքում,  Արատեսի վանական համալիրում /երկու հուշարձաններն էլ  խոնարհված  են/։

Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և ՊՄՊ Վայող ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը  հյուրերին ներկայացրել  են հուշարձանների  մասին փաստական  տվյալները , ներկա վիճակը։

Լեհ ճարտարապետները տեղում  իրենց  առաջին ուսումնասիրությունն են կատարել, լուսանկարել  ու տեսանկարահանել են հուշարձանները՝  հետագայում աշխատանքների առաջին փուլը սկսելու համար։  Հայկական ճարտարապետությամբ  հիացած լեհ գործընկերները  հայտնել են, որ եռաչափ  մոդելավորմամբ կպատրաստեն Արատեսի  վանական  համալիրի՝  հուշարձանի  իրական  տեսքին  մոտ տարբերակը։

Հաջորդ  այցի  ընթացքում  նրանք  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և  սպորտի նախարարության  կողմից  երաշխավորած  մասնագետի, մարզային ծառայության աշխատակցի  հետ  միասին  անձնագրավորում  կիրականացնեն, կքարտեզագրեն, ինչպես նաև՝ կդասակարգեն  հուշարձանի  տարածքում  գտնվող բեկորները։

Վրոցլավի Գիտության և  Տեխնոլոգիայի Համալսարանի արվեստի, ճարտարապետության, տեխնոլոգիայի ֆակուլտեի փոխտնօրեն, պրոֆեսոր Յասեկ Կոսչյուկի  գլխավորած  գիտնականների՝  Արատեսի վանական համալիրի եռաչափ մոդելավորմամբ  գիտահետազոտական աշխատանքը  հետագայում  հիմք կհանդիսանա  հուշարձանի վերականգնման համար։

Մեկնումից առաջ լեհ ճարտարապետները  ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանի ուղեկցությամբ եղել են <<Ագարակ>> պատմամշակութային արգելոցում, <<Մեծամոր>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարի տարածքում։