ԹՈՒՄՈՅԻ ՍԱՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ԳԱՌՆԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՄԲ

ԹՈՒՄՈՅԻ ՍԱՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ԳԱՌՆԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՄԲ

Թումո  ստեղծարար  տեխնոլոգիաների  կենտրոնի սաները  ԱՄՆ-ից  ժամանած Դեյվին Ղարախանյանի  ու  Ջեֆ  Ուիլկինսի  հետ  միասին մի քանի օր է ինչ  լուսանկարում են Գառնիի տաճարը, ենթահուշարձանները, արգելոց-թանգարանի ողջ տարածքը։ Թումոյի սաները անօդաչու սարքի միջոցով  «անմահացնում» են նաև Գառնին վերևից։ Արգելոց-թանգարանի  այցելուները  այս օրերին  նկատել են տաճարի ամեն կադրը լուսանկարող երիտասարդներին / 20 հոգի/, ովքեր խոստովանում  են, որ  նպատակը՝  Գառնին եռաչափ մոդելավորմամբ ներկայացնելն է։

Մինչ արգելոց-թանգարանի տարածքում աշխատելը  արտերկրից  ժամանած մասնագետները  Թումո կենտրոնի սաների համար մշակութային ժառանգության թվայնացման հատուկ դասընթաց են անցկացրել։ Սկանավորման համար Գառնին ընտրվել է պատմաճարտարապետական նշանակության  ու յուրօրինակ գեղեցկության նկատառումով։

Անօդաչու սարքով տաճարի ամենագեղեցիկ կադրերն անմահացնող Վահե Սարգսյանի համոզմամբ, նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն պատկերել հուշահամալիրը իր ճարտարապետական լուծումներով, այլև՝ կօգնի մասնագետներին  հետագա աշխատանքների ժամանակ։ Նրա փոխանցմամբ եռաչափ մոդելավորումը նաև մեր հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելուն է միտված։ Երիտասարդ մասնագետն անկեղծացավ՝ ինձ թվում էր նախկինում  եղել  եմ Գառնիում, բայց կադրերը նկարելուց նորովի տեսա ամեն ինչ ու  հասկացա, որ առաջին անգամ եմ այստեղ։

Միացյալ նահանգներից  ժամանած  Ջեֆ Ուիլկինսի  համոզմամբ  իրենք  ճշգրիտ սկանավորում են տաճարը ներսից,  ողջ հարակից տարածքը ու եռաչափ մոդելավորմամբ Գառնին կարող են տեսնել նաև աշխարհի տարբեր երկրներում։

Մասնագիտությամբ  ճարտարապետ, դիզայներ Դեյվին Ղարախանյանը իր տպավորություններով կիսվում է ոչ վարժ հայերենով,  ապա զրույցը շարունակվում է անգլերեն լեզվով։  Նրա խոսքով  Թումո  ստեղծարար  տեխնոլոգիաների սաների հետ գործակցության  նպատակը  մեր  մշակութային ժառանգությունը  թվային տարբերակով  պահպանելն է։

Հաջորդ  շաբաթ երիտասարդները  կավարտեն  իրենց  աշխատանքը՝ այն ներկայացնելով  տեսահոլովակի  միջոցով։