Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։ Կներկայացվի հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ունի ժողովրդական արվեստի նմուշների ոչ շատ մեծ, բայց արժեքավոր հավաքածու։ Նշանակալի են՝ գորգերը, կարպետներն ու կարպետագործ իրերը: Հավաքածուն ընդգրկում է պատմական Հայաստանի համարյա բոլոր գորգագործական ու կարպետագործական կենտրոններին վերաբերող իրեր:
Կցուցադրվեն՝ տարբեր տարիներին գործված գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, աղի քսակներ, ասեղնագործ ու ժանեկագործ իրեր, ինչպես նաև՝ 20-րդ դարի 2-րդ կեսով թվագրվող դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման և խեցեգործության նմուշներ։
Ցուցադրությունը կտևի մեկ ամիս։