Արուճի տաճար

Արուճի տաճար

2023-02-27T11:25:07+00:00 27/02/2023|Լրահոս|

Հայ նշանավոր գիտնական և ճարտարապետ Թ. Թորամանյանը ուշադրություն դարձնելով Արուճի վանքի շինարարական արվեստին ասում  է ․«Արուճի մեջ…Գրիգոր Մամիկոնյանի…կանգնած եկեղեցին, մի գոհար է 7-րդ դարու մեջ»։

Արուճի տաճարը գտնվում է համանուն գյուղի արևելյան մասում:

Մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության համաձայն, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին։

Հուշարձանը պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին,  եկեղեցին  կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի  աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (ներկայում՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Սուրբ Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է:

Մուտքերը՝  հյուսիսային, հարավային և արևմտյան կողմից են: Կառուցված  է սև, սրբատաշ տուֆ  քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական  ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը  լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր:

Տաճարը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են:

Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփանոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:

Ս. Գրիգոր եկեղեցին, իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Արուճի  տաճարի հարավային կողմում  1947-1952  թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան)  բացվել  են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավ-արևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:

Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 1950-60-ական թթ.,  առանձին հատվածներ ներկայումս քայքայված են: