պետ․ ցուցիչ՝ 5․94/1
Թերթելով Լոռու մարզի պատմության քարակերտ էջերը, այս անգամ կծանոթանանք Ջիլիզայի միջնադարյան Բազաբերդ (Բազկերտ) կամ Չախալաբերդ ամրոցին։
Բազաբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա համայնքի վարչական տարածքում: Բազաբերդ կարելի է գնալ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհով (գյուղից 2.5 կմ հարավ-արևմուտք):
Միջնադարյան բերդի ընդհանուր տարածքը զբաղեցնում է 0,52 հա, իսկ միջնաբերդինը՝ 0,25 հա։ Այն շրջապատված է եղել 10-12 մ բարձրությամբ 2-3 մ հաստությամբ պարսպով։
Բերդի հարթ մակերևույթը շրջապատից մեկուսացված է մինչև 12 մ բարձրությամբ բրգաշար պարսպապատով։ Բերդի մուտքը բացված է եղել հարավից։ Արևելյան պարսպին կից ներքուստ առկա են քառանկյուն հատակագծով մի քանի սենյակների մնացորդներ։ Պարիսպների շարվածքն իրականացված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով։ Պարիսպը նստած է ժայռաբեկորի վրա։
Բերդն ունի 2 մուտք՝ արևելյան ու արևմտյան: Միջնաբերդի տարածքի հյուսիսարևմտյան մասում՝ պարսպին կից, կան կացարանների և օժանդակ շինությունների պատեր։ Նրա սահմաններից դուրս պարսպապատերի մնացորդներ՝ նույնպես բուրգերով ու աշտարակներով ուժեղացաված, պահպանվել են բերդի տարածքի հարավային և արևելյան մասում։
Բերդի մասին ամենավաղ հիշատակությունը հանդիպում է պատմիչ Վարդան Արևելցու մոտ, որից երևում է, որ Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի մահից (977 թ․) հետո Բազաբերդը որպես ժառանգություն անցնում է նրա կրտսեր որդի՝ Կյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենին։
Այն բազմիցս հուսալի ապաստան է ծառայել նաև Զաքարյաննների ժամանակ և հետագայում։