Կիսավեր այս վանքը միջնադարում կառուցված Պտղնիի տաճարն է, որը առավել հայտնի է Պտղնավանք անվամբ։
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետը ստուգայց է իրականացրել Պտղնի բնակավայրում, օդալուսանկարահանել միջնադարյան համալիրը։
Պտղնավանքը գտնվում է կիսավեր վիճակում, պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան հատվածը և արևելյան գմբեթակիր կամարը։ Պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի եկեղեցական կառույցներին՝ հանդիսանալով այդ տիպի վաղագույն և լավագույն նմուշը։ Կառուցվել է 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբին (ճիշտ թվականը հայտնի չէ)։ Ունի 15,7 մետր լայնություն և 30,4 մ երկարություն, աղոթասրահի չափսերն են՝ 10,3 մ լայնություն, 23,8 մ լայնություն։
Ամբողջովին պահպանված հյուսիսային ճակատի ստորին մասի կենտրոնում գտնվում է կամարակամ, երկլանջ կտուրի տակ առնված շքամուտքը։ Քիչ բարձր, աջ ու ձախ կողմերից շարված են երեքական միաձև ու միաչափ, կամարունքերով պսակված լուսամուտներ։ Մակարաունքերի զարդամոտիվները բազմատեսակ են՝ երկրաչափական, բուսական, ինչպես նաև մարդկանց, կենդանիների ու թռչունների պատկերներ բովանդակող հարթաքանդակներով։
Հարավային ճակատին պահպանված լուսամուտի կամարունքը ևս պատված է հարթաքանդակներով, որոնք վաղ միջնադարյան հայկական արվեստի եզակի նմուշներ են։ Պատկերված է Աստվածամայրը, Քրիստոսը, առաքյալները։ Առկա են աշխարհիկ բովանդակության քանդակներ։ Հեծյալ Մանուել Ամատունու քանդակը և դրանից աջ՝ առյուծի հետ նիզակով մենամարտող մարդ, որին հավանաբար կարելի է նույնացնել Մանուել Ամատունու որդի՝ Սահակ Ամատունու հետ։
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունները շարունակում են շրջել մարզերի հուշարձանների տարածքներում՝ ուսումնասիրել, լուսանկարել, արձանագրել հուշարձանների վիճակը, կազմակերպել և իրականացնել մաքրման, բարեկարգման աշխատանքներ։