Միջնադարյան Սյունիքի նշանավոր վանական համալիր Բղենո Նորավանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում: Նախ՝ 935/6 թ․ Ստեփանոս եպիսկոպոսի ջանքերով և Սյունյաց Հրահատ իշխանի օժանդակությամբ կառուցվել է Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, գավթից, սրահից բաղկացած հուշարձանախումբը:
Երկրորդ շինարարական շրջանը վերաբերում է XI դ. առաջին կեսին. Սյունիքի մետրոպոլիտ Հովհաննեսը վերակառուցեց եկեղեցին (1058 թ.), որի մահից հետո այն վե-րածվեց վերջինի դամբարանի:
Այժմ կանգուն հուշարձանախումբը բաղկացած է չորս մասից։
Հուշարձանի հնագույն, կենտրոնական մասը կազմող եկեղեցին գրեթե քառակուսի, թաղածածկ մի կառույց է: Եկեղեցու հիմնական մուտքը բացվում է արևմուտքից։
Եկեղեցին կառուցված է լավ տաշած բազալտի բավականին մեծադիր քարերից: Սակայն հյուսիսային և հարավային ճակատների երկայնքով ավելացված սրահները կառուցված են արդեն կոպիտ մշակված դեղնավուն կրաքարից, ընդ որում` կրաքարի հետ միասին օգտագործված է նաև ճեղքված բազալտը։ Ի հակադրություն նշված հավելվածքի՝ արևմտյան ճակատի երկայնքով ձգվող թաղածածկ սրահը կառուցված է կանոնավոր մշակված բազալտե քարերից և իր շինարարական տեխնիկայով քիչ բանով է տար-բերվում կառուցվածքի կենտրոնական մասից։
Հուշարձանն այժմ ունի 8 զանազան չափերի և տարբեր որակի կատարմամբ պատկերաքանդակներ, որոնցում առկա են Ավետարանի հիմնական ցիկլի և հատկապես Քրիստոսի կյանքն ու գործունեությունը պատկերող սյուժեները։
Հարավային ճակատում պատկերված է աստվածամոր ավետման տեսարանը, իսկ հյուսիսային ճակատում՝ Քրիստոսի համբարձումը պատկերող բարձրաքանդակը։
Հուշարձան-սրբավայրում մաքրման աշխատանքներ իրականացվեցին 1950 թ.: Վերանորոգման աշխատանքներ են տեղի ունեցել 1959-1961 թթ․: 2000 թ. Բղենո Նորավանքում տեղի ունեցավ աղբյուր-հուշաքարի բացման արարողություն՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: