Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության աշխատակիցները ստուգայց են իրականացրել Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հնավայրի Արաքսամերձ հատվածում։
Այդ տարածքում է գտնվում հասարարական բաղնիքի պեղված հատվածը:
Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել հնավայրի 1-ին բլուրի տարածքում, կատարել լուսանկարահանման աշխատանքներ։
Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝ Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում:
ժամանակագիրները Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»:
1967 թ. Փոքր Վեդի գյուղի տարածքում հայտնաբերված լատիներեն երկու արձանագրությունները նպաստեցեցին մայրաքաղաքի հնագիտական ուսումնասիրությանը:
1970 թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց Արտաշատ մայրաքաղաքի կանոնավոր պեղումները (ղեկավարներ` Բ. Առաքելյան`1970-1986 թթ., Ժ. Խաչատրյան`1986 թ -ից)։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արտաշատի հնագիտական արշավախումբը վերջին տարիներին (2011–2013 թթ.) շարունակել է պեղումները քաղաքատեղիի հյուսիսարևմտյան տեղամասում)։
Հնագիտական աշխատանքները շարունակվում են , ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության թույլտվությամբ ամեն տարի այստեղ պեղումներ են իրականացվում (հնագիտական արշավախմբի ղեկավար պ.գ.թ. Մ. Զարդարյան):
Տարբեր տարիներին կատարված պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ: Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ:
Արտաշատը հին Հայաստանի դրամահատության կենտրոններից էր: Ներքին շուկայում շրջանառության մեջ էին ինչպես տեղում հատված, այնպես էլ` օտարերկրյա դրամներ: Գտնվել են Հայոց թագավորներ Տիգրան II-ի, Արտավազդ II-ի, Տիգրան III-ի, հարևան երկրների` սելևկյան, պարսկական, կապադովկյան, պոնտական, հռոմեական մ. թ. ա. II – մ. թ. I դդ. արծաթյա և պղնձյա դրամներ: